1 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի ավիաընկերությունները տասնյակ ինքնաթիռներ են տեղափոխել Էր Ռիադի միջազգային օդանավակայանից՝ «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման կողմից իրականացվող հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Flightradar24 մոնիտորինգային ծառայության տվյալներին։
Մեկ շաբաթվա ընթացքում Էր Ռիադի օդանավակայանում գտնվող ինքնաթիռների թիվը 134-ից նվազել է՝ հասնելով 38-ի։
Ապահովագրական ընկերության ներքին զեկույցի համաձայն, որը հայտնվել է թերթի տրամադրության տակ, վնասվել է հինգ ինքնաթիռ, իսկ դրանցից մեկը ճանաչվել է ոչ պիտանի հետագա շահագործման համար։
WSJ-ի տվյալներով՝ օդային հարվածների հետևանքով ինքնաթիռներին հասցված վնասի ընդհանուր արժեքը գնահատվում է 375 միլիոն դոլար։
Հոկտեմբերի 10-ին Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը։ Հոկտեմբերի 11-ին քաղավիացիան հայտնել է նոր հարձակման մասին, որի հետևանքով գրանցվել է մեկ զոհ և 11 վիրավոր։