2 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ի երեկոյան Զահրան քաղաքում գտնվող «Արամկո» պետական նավթային ընկերությանը պատկանող վարչական շենքը թիրախավորվել է։ Այնտեղ փոքր հրդեհ է բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Saudi News-ը։
Հարձակման հետևանքով տուժածներ չկան։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին հայտնել է ալ-Խարջ նահանգում հրթիռ որսալու և ոչնչացնելու մասին։
Նա նաև նշել է, որ կոալիցիան հարվածներ է հասցնում Եմենում հութիների էներգետիկ տերմինալներին և վառելիքի պաշարներին։
Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է, որ Էր Ռիադում երկու հրթիռի որսալու ժամանակ ընկնող բեկորներից չորս մարդ է վիրավորվել, 15 բնակելի տներին պատճառվել է նյութական վնաս։
Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռներն ավիահարված են հասցրել Ջաբալ Հաբաշիի շրջանի ալ-Ահջաֆ գյուղի մի քանի տան: Հարձակման հետևանքով վիրավորվել է վեց խաղաղ բնակիչ, հիմնականում՝ կանայք և երեխաներ, ինչպես նաև ավերվել են բազմաթիվ տներ։
Հութիների խոսնակ Յահյա Սարին X-ում գրառման մեջ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 104 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայում և շուրջ մեկ տասնյակ նահանգներում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառ հանդիսանալով զոհերի ու վիրավորների։