Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին
2 րոպեի ընթերցում
Եգիպտոսը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ հակամարտությունն ավելի է ընդլայնվում թագավորությունում օդանավակայանների վրա կատարված հարվածների ֆոնին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բանգկոկում Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպումների շրջանակներում Bloomberg հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդ ալ-Ատտին։
«Ինչ էլ սաուդցիները խնդրեն, մենք, իհարկե, կարձագանքենք», - ասել է նախարարը՝ պատասխանելով Եգիպտոսի կողմից ռազմական աջակցության հնարավորության մասին հարցին։
«Առանց որևէ վերապահման մենք կտրամադրենք ցանկացած տեսակի աջակցություն», - հավելել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Եգիպտոսը «լրջորեն քննարկում է» օգոստոսին Մեքքայում Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից ստորագրված տարածաշրջանային պաշտպանության համաձայնագրին միանալու հարցը։
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Էր Ռիադի «Խալիդ արքա» օդանավակայանը հարձակման էր ենթարկվել եմենյան հութիների կողմից: Իշխանությունների տվյալներով՝ առաջին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, վիրավորվել՝ 309-ը: Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած երկրորդ հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ ևս 11-ը: Oդանավակայանին նյութական վնաս է պատճառվել: Մեկ այլ հարվածի թիրախ է դարձել Դամմամի օդանավակայանը. այս քաղաք-նավահանգստում են գտնվում երկրի հիմնական նավթահանքերը: