Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

4 րոպեի ընթերցում

Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության պետական ծրագրերի հիմնական նպատակը Հայաստանում նրանց տնավորվելն ու ինտեգրվելն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում անցկացված հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բնակարանային ապահովման, քաղաքացիության և ծրագրերից օգտվելու դժվարություններին։

Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը պատրաստ է քննարկել ինտեգրման գործընթացներն արագացնելու առաջարկները։

«Ինչ վերաբերում է ինտեգրելու պրոցեսներին, այո՛, եկեք քննարկենք՝ ոնց դրանք ավելի արագացնենք։ Մենք պատրաստ ենք դրան և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ՝ բնակապահովման ծրագրից սկսած, մյուս ծրագրերով վերջացրած»,-ասել է Թորոսյանը։

Նախարարի խոսքով՝ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացվել է, իսկ բնակապահովման ծրագրից օգտվողների թիվն աճում է։ Նա հայտնել է, որ իրացված բնակարանային հավաստագրերի թիվը հասել է 4991-ի։

«Տասնյակ քաղաքացիներ ձեռք են բերում բնակարան, տասնյակ քաղաքացիներ էլ ստանում են սերտիֆիկատ, որպեսզի ձեռք բերեն բնակարան»,-նշել է նա։

Անդրադառնալով բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող աջակցության չափին՝ Թորոսյանը հիշեցրել է, որ երևանամերձ համայնքների համար հավաստագրի գումարը բարձրացվել է մեկ միլիոն դրամով։ Նրա խոսքով՝ փոփոխությունը տարածվել է նաև նախկինում հավաստագիր ստացած շահառուների վրա։

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ բնակապահովման դժվարությունները պայմանավորված են նաև անշարժ գույքի շուկայում պահանջարկի և առաջարկի հարաբերակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ երևանամերձ համայնքներում առկա է ոչ միայն գների, այլև վաճառքի ենթակա բնակարանների առաջարկի խնդիր։

«Ոչ միայն գնի պրոբլեմ կա, բնակարանի հասանելիության պրոբլեմ կա»,-ասել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ ծրագրով Երևանից ավելի հեռու գտնվող որոշ բնակավայրերում նախատեսված է մեկ անձի հաշվով հինգ միլիոն դրամ աջակցություն։ Այդ համատեքստում նա անդրադարձել է նաև դպրոցների, մանկապարտեզների և ճանապարհների կառուցմանը՝ կարևորելով բնակչության՝ միայն Երևանում ու հարակից համայնքներում չկենտրոնանալը։

Թորոսյանի խոսքով՝ ընտանիքները տարբեր լուծումներ են ընտրում․ աշխատանք ունեցող որոշ շահառուներ աջակցության գումարին հավելյալ վարկ են ավելացնում, իսկ մյուսներն իրենց հնարավորություններին համապատասխան բնակարան են ձեռք բերում ավելի հեռու բնակավայրերում։

Փոքրաթիվ ընտանիքների բնակապահովման հարցին անդրադառնալիս՝  նախարարը ներկայացրել է հիմնականում տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված առանձին ծրագիրը։ Նրա խոսքով՝ այդ ծրագրի նկատմամբ շահառուների հետաքրքրությունը դեռ մեծ չէ։

Թորոսյանը նաև հայտնել է, որ փաստաթղթերի պակասի պատճառով առաջացած որոշ խնդիրներ քննարկվում են միջգերատեսչական հանձնաժողովում։ Ուսումնասիրվում են դիմողների ուսման, աշխատանքի և այլ փաստական հանգամանքները՝ պարզելու համար՝ արդյոք նրանք կարող են ստանալ բնակարանային հավաստագիր։

Միաժամանակ, նախարարի խոսքով, կան դիմողներ, որոնք չեն համապատասխանում Կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին։ Նա այդ համատեքստում նշել է նաև Հայաստանում նախկինում գույք կամ գույքի մեջ մասնաբաժին ունենալու հանգամանքը։

Անդրադառնալով միջազգային հարթակներում տեղահանված անձանց իրավունքների իրացման հարցին՝ Թորոսյանը նշել է, որ Հայաստանում ինտեգրմանն ուղղված քաղաքականությունը չի նշանակում, թե նրանք չեն կարող իրենց իրավունքներն  իրացնել այլ եղանակներով, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաների շրջանակում։

Հայերեն English

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները