Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները
2 րոպեի ընթերցում
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը:
Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը:
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլի մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին: