Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

5 րոպեի ընթերցում

«Գոյ» թատրոնը, որի ստեղծագործական կազմը հանգամանքների բերումով մի քանի տարի պարապուրդի էր մատնվել, հոկտեմբերի 12-ին «Խելագարը» ներկայացմամբ թատերասերներին հայտնեց վերադարձի մասին։

Իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված «Խելագարը» հիմնված է իրական դեպքերի վրա։ Թեման շատ է հետաքրքրել «Գոյ»-ի դերասաններին, քանի որ անդրադառնում է խեղաթյուրված ճշմարտությանը, որը ներկայացվում է որպես բացարձակ ճշմարտություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման առաջնախաղին, որը տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, «Գոյ»-ի դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյանը խոստովանեց՝ դժվարանում է ասել, թե քանի տարի բեմում չեն եղել, քանի որ երբեք չեն կտրվել «Գոյ»-ից։

«Մեր մեջ ուժ, հավատ ենք գտնել և վերադարձել ենք բեմ՝ որպես կոլեկտիվ։ Իհարկե, թատրոնն այնքան տաղանդավոր մարդկանցով է համալրված, որ բոլորը տարբեր հարթակներում իրենց մասնագիտությամբ աշխատում են, բայց մեզ համար կարևոր է լինել միասին, մի դպրոցի տրամաբանության մեջ»,-նշեց Ազիզյանը։

Անդրադառնալով պիեսին՝ նա տեղեկացրեց, որ գործողությունները տեղի են ունենում իտալական քաղաքներից մեկում, սակայն այդ իրադարձությունները կարող են տեղի ունենալ նաև հայաստանյան իրականությունում, քանի որ խոսվում է ճշմարտության ձևափոխման մասին։ Ըստ նրա՝ այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ճշմարտությունները հստակ և միանշանակ չեն, չկա մի կարմիր գիծ, որը բոլորի համար է։

Ազիզյանը շեշտեց՝ հանդիսատեսի հետ շարունակելու են այն զրույցը, որը սկսել է իրենց ուսուցիչ Արմեն Մազմանյանը՝ փորձելով աշխարհն ավելի գեղեցիկ դարձնել, պահպանելու են իրենց թատրոնին հատուկ ազատությունն ու շարունակելու են փորձարարական որոնումները։

Դերասան, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանի համոզմամբ՝ ներկայացման մեջ առկա կոնֆլիկտը կարող է շատերին հարազատ լինել։

«Այստեղ ճշմարտությունն անընդհատ փոխվում է ըստ իրադրությունների։ Ցույց է տրվում, թե ինչպես են անհատները, որոնց ձեռքում իշխանական լծակներ կան, կարողանում փոխել ճշմարտությունը՝ մարդկանց մեկ այլ ճշմարտություն մատուցելով։ Այդ ամենը հանգեցնում է խառնաշփոթի, և դժվարանում ես զատել, թե որն է  ճշմարիտը»,-ասաց նա։ Ստեփանյանը հանդես է գալիս ոստիկանապետի կերպարում և հրաշալի փոխանցում է այն անհանգստությունը, խուճապը, որոնք իր հերոսին պատում են անելանելի թվացող իրավիճակներում։

Խելագարին մարմնավորում է Սամվել Թոփալյանը։ Թոփալյանի կերտած կերպարը հոգեբանական խնդիրներ ունի և հասցրել է լինել տարբեր հոգեբուժական հաստատություններում։ Նա սիրում է դերասանի կերպարում լինել և պարբերաբար հանդես գալ տարբեր դերերում՝ ուսուցիչ, դատավոր, լրագրող և այլն։ Հանգամանքների բերումով նա կարողանում է բացահայտել ոստիկանների հանցանքը։

«Խելագարն է ուղղորդում գործողությունները։ Ոչ միայն այսօր, այլև անցյալում և ապագայում տարբեր երկրներում նման իրավիճակներ կարող են լինել։ Այստեղ ճշմարտությունը ներկայացնում ես այնպես, ինչպես ցանկանում են։ Սա կարող ենք նաև «Գոյ»-ի հետ կապել»,-ընդգծեց դերասանը։

Թոփալյանը խոստովանեց՝ թվում է՝ մինչ ներկայացումը դերասանները շատ հանգիստ են,  սակայն իրականում լարված են, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ է։

Ներկայացման մեջ զբաղված են Մարինե Պետրոսյանը, Սամսոն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Վաչե Երիցյանն ու Նարինե Պետրոսյանը։ Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է։

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել էր՝ այն միավորելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը վիճարկում էին դատարանում։

Թատրոնի ստեղծագործական կազմն այժմ փորձում է այդ դաշտ չմտնել, փորձում է ստեղծագործել՝ հարցը թողնելով իրավաբաններին։

Հայերեն

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում

Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով