Տեխասի ռազմաբազայում հրաձգություն իրականացրած զինվորականը հրապարակայնորեն մահապատժի կենթարկվի
2 րոպեի ընթերցում
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանրությունը հնարավորություն կունենա հետևելու Նիդալ Մալիք Հասանի մահապատժին. նա ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժ է, որը 2009 թվականին Տեխասի նահանգի Ֆորտ Հուդի ռազմաբազայում սպանել էր 13 անզեն ամերիկացի զինվորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ամերիկացի քաղաքական ակտիվիստ Ջեք Պոսոբիեցին տված հարցազրույցում։
«Նրան կգնդակահարի զինվորների ջոկատը, ինչպես և պետք է լինի։ Մենք կապահովենք, որ մարդիկ կարողանան դա տեսնել, և որ դա հասանելի լինի հանրությանը, քանի որ մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողություններին հաջորդում են լուրջ հետևանքներ», - նշել է նա հարցազրույցում, որը հեռարձակվել է Real America's Voice հեռուստաալիքով։
Մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին՝ Ֆորտ Հուդի ռազմաբազայում։ Հեգսեթի խոսքով՝ դա տեղի կունենա հինգշաբթի օրը, ժամը 13:00-ին՝ հենց նույն ժամին, երբ տեղի է ունեցել հարձակումը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն գնդակահարելու միջոցով մահապատիժ չի իրագործել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ի կատար ածել Հասանի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը։
ԱՄՆ բանակում գնդակահարության միջոցով իրականացված վերջին մահապատիժը տեղի է ունեցել 1945 թ. հունվարին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին, երբ մահապատժի ենթարկվեց ԱՄՆ բանակի դասալիք երիտասարդ զինծառայող Էդդի Սլովիկը։
Հասանը Ֆորտ Հուդի ռազմաբազայում հարձակում էր իրականացրել այն ժամանակ, երբ ընդամենը մի քանի շաբաթ էր մնացել մինչև նրա և ծառայակիցների՝ Աֆղանստան ծառայության մեկնելը։ Նա կրակ էր բացել զինվորների վրա մարդաշատ բժշկական կենտրոնում, որտեղ զինծառայողները սպասում էին բուժզննման և պատվաստումների։
Դատարանում Հասանը ներողություն էր խնդրել «բոլոր սխալների համար»։ 2013 թվականին կայացած ռազմական դատավարության ընթացքում Հասանն ասել էր, որ, իր համոզմամբ, պաշտպանում էր Աֆղանստանի մուսուլմաններին և թալիբներին։