Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության նախարար Ահմադ Դոնիամալիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև սպորտի և երիտասարդության ոլորտներում հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր՝ ընդգծելով այդ նպատակին ուղղված ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է գործընկերոջը և շեշտել՝ 2025 թ. Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում. «Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը բարենպաստ հիմք է նաև սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար։ Վստահ եմ՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա համակարգված կերպով առաջ մղել մեր համատեղ նախաձեռնությունները»։

Ահմադ Դոնիամալին նշել է, որ իրանական կողմը կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը՝ ներկայացնելով Իրանի փորձառությունն ու ձեռքբերումները սպորտի բնագավառում:

Նշվել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ ունեն հատկապես ֆուտբոլ, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերում։ Կողմերը կարևորել են ակումբային թիմերի ձևավորումը, համատեղ ճամբարների և մարզիչների վերապատրաստման կազմակերպումը, փոխադարձ հավաքների անցկացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է առաջիկա տարում Հայաստանում նախատեսվող միջազգային մրցաշարերը, այդ թվում՝ Կարատեի Եվրոպայի մինչև 21 տարեկանների, Ծանրամարտի աշխարհի առաջնությունները՝ ընդգծելով, որ հայկական կողմը ուրախ կլինի հյուրընկալել նաև Իրանի թիմերին:

Անդրադարձ է եղել նաև շախմատի մասնագետների փոխայցերի, փորձի փոխանակման և համատեղ կրթական նախաձեռնությունների հնարավորությանը՝ հաշվի առնելով իրանական կողմի հետաքրքրությունը Հայաստանի դպրոցներում շախմատի ուսուցման փորձի նկատմամբ։

Կողմերը կարևորվել են երիտասարդության ոլորտում համագործակցությունը, մասնավորապես՝ երկու երկրների հասարակական կազմակերպությունների երկխոսությունը, երիտասարդ գիտնականների և հետազոտողների համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Հանդիպումն ավարտվել է հուշագրի ստորագրմամբ. կողմերն այն կարևորել են որպես երկկողմ համագործակցության իրավական և ինստիտուցիոնալ հիմքի ամրապնդման կարևոր քայլ։

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին

Հայաստանն ու Իրանը սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության հուշագիր են ստորագրել

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում