2 րոպեի ընթերցում
Պատանդառված անձանց ազատ արձակման և անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման հարցերը Հայաստանի մշտական օրակարգում են և բարձրացվում են Ադրբեջանի հետ քննարկումներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե արդյոք հարցը քննարկվել է Նյու Յորքում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ նախարարը հստակեցրեց, որ դրանց շրջանակում հայկական կողմն առաջնահերթ կարևորում է պատանդառված անձանց ազատ արձակումը։
«Առաջին հերթին նկատի ունենք պատանդառված անձանց ազատ արձակման հարցը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը։ Եվ նաև էլի հարցեր կան»,– ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ այդ թեման քննարկվել է նաև Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում։ Նա նշեց, որ վարչապետը հերթական անգամ բարձրացրել է հարցը՝ առաջարկելով այդ ուղղությամբ աշխատանքները դարձնել ավելի գործնական և շոշափելի։
Միրզոյանը տեղեկացրեց, որ մարդասիրական հարցերին հատուկ անդրադարձ է եղել նաև Նյու Յորքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ իր հանդիպման ընթացքում։
«Սա նոր պահանջ չէ։ Սա Հայաստանի և Ադրբեջանի խոսակցության մշտական թեմաներից մեկն է»,– ընդգծեց նախարարը։