Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության առաջնահերթություններին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության հարցերին և արտաքին քաղաքական օրակարգից բխող նախաձեռնություններին:

Նիստին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի և Մատենադարանի, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: 

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական և հիմնական ցանկերում և ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ՀՀ կողմից նոր գրանցումների նախաձեռնությունները, ինչպես նաև Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցման հայտերին, այդ տարվող ընթացիկ աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել մշակույթի և կրթության ոլորտում ՀՀ ակտիվ ներգրավածության ապահովմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ Ստեղծարար, Ուսումնառող քաղաքների ցանցերին ՀՀ քաղաքների անդամակցությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցում (ASPnet) մասնակցության ավելացմանը, ինչպես նաև այս բոլոր ուղղություններով նորարարական մոտեցումների ներդրման հարցերի: Մտքեր են փոխանակվել 2028-2029թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում հոբելյանների ներառման առաջարկությունների շուրջ: 

Տարբեր ծրագրերի իրականացման առավելությունների քննարկման համատեքստում կարևորվել է դրանց վերաբերյալ ռազմավարական ընտրությունը նաև ՀՀ տնտեսական զարգացման և անմիջականորեն հանրային կյանքի վրա ազդեցության տեսանկյունից:

ՀՀ ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդգծել է բնապահպանության և բնական ժառանգության պահպանման ոլորտների փոխկապակցվածությունը և  այդ ուղղությամբ Հայաստանի՝ այդ թվում նաև՝ որպես COP17 համաժողով հյուրընկալող երկրի կողմից միջազգային համագործակցության զարգացման հնարավոր հեռանկարները: Ի թվիս այլ նախաձեռնությունների, անդրադարձ է կատարվել «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակներում համագործակցության ակտիվացմանը:

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագիտական մարմիններում Հայաստանի ներկայացվածության ընդլայնման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքները և առկա ձեռքբերումները: Նախանշվել են ՀՀ համար առաջնահերթություն ներկայացնող ուղղություններով անելիքներն ու նախաձեռնությունները, այդ թվում՝ «Կրթությունը հանուն խաղաղության» տեսլականի շրջանակներում։ 

Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանձնաժողովի կառուցվածքային և մասնագիտական ներուժի շարունակական կատարելագործման հարցերի շուրջ՝ ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ փոխգործակցության ընդլայնվող ուղղությունների: 

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe 中文

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման