ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

7 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, «People in Need» (PIN) Հայաստան կազմակերպությունը, Իջևանի համայնքապետարանը և «Միասին առանց սահմանների» ՀԿ-ն փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել՝ ընդլայնելու երեխաների և ընտանիքների աջակցության ծառայությունների ցանցը Տավուշի և Սյունիքի մարզերում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության շրջանակում մինչև 2026 թվականի ավարտը Տավուշի մարզի Աչաջուր և Այգեհովիտ բնակավայրերում կստեղծվեն երեխաների համար նախատեսված երկու նոր կենտրոններ, որոնցից կօգտվի 5-15 տարեկան շուրջ 200 երեխա, այդ թվում՝ տեղահանված ընտանիքների երեխաներ։ 

Այգեհովիտում երեխաների համար նախատեսված տարածքը կվերանորոգվի Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, իսկ Աչաջուրում նմանատիպ տարածք կստեղծվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված միջոցներով։ Նախաձեռնության շրջանակում երեխաների համար կստեղծվեն անվտանգ և ներառական միջավայրեր, որոնք նրանց  սովորելու, խաղալու, կյանքի հմտություններ ձևավորելու և հոգեսոցիալական աջակցություն ստանալու հնարավորություն կընձեռեն։ 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում գործող երեխայակենտրոն տարածքը կընդլայնվի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված ֆինանսավորմամբ՝ ավելի քան 80 երեխայի համար երեխաների պաշտպանության, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ Մեղրիի և հարակից համայնքների երեխաները կենտրոնում կստանան սոցիալական, հոգեբանական և կրթական աջակցություն սոցիալական աշխատողի, հոգեբանի, արտ-թերապևտի, լոգոպեդի և հատուկ մանկավարժի ծառայություններից օգտվելով՝ առանց իրենց համայնքից հեռանալու։ 

«Երեխաներն ու նրանց ընտանիքներն իրավունք ունեն իրենց համայնքներում ստանալու անհրաժեշտ ծառայություններ, որոնք կօգնեն նրանց լիարժեք զարգանալ և բարեկեցիկ կյանք վարել։ Վերջին տասնամյակի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանին՝ ամբողջ երկրում ընդլայնելու այդ ծառայությունների շրջանակն ու հասանելիությունը, ինչպես նաև զարգացնելու դրանց շարունակական և կայուն տրամադրումն ապահովելու համար անհրաժեշտ կարողությունները», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ դոկտոր Ղասսան Խալիլը։ «Մեր համագործակցության ընդլայնմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխա, հատկապես տեղահանությունից տուժած և խոցելի իրավիճակում գտնվող երեխաները, իր համայնքում ունենա ապահով տարածք, ինչպես նաև որակյալ աջակցության ծառայություններ ստանա՝ հնարավորություն ունենալով լիարժեք կյանք կառուցելու համար»։  

«Ուրախ ենք շարունակելու մեր գործընկերությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ և նպաստելու, որ երեխաներն իրենց համայնքներում ունենան նոր, անվտանգ ու հյուրընկալ միջավայրեր։ Մեր փորձը և ծնողների հետ ունեցած զրույցները ցույց են տալիս, որ այս կենտրոններն իսկապես կարող են փոխել երեխաների և ընտանիքների կյանքը։ Այստեղ երեխաները հնարավորություն են ստանում շփվելու միմյանց հետ, հաղթահարելու խոսքի և հաղորդակցման դժվարությունները, ձեռք բերելու ինքնավստահություն և, ամենակարևորը, պարզապես վայելելու իրենց մանկությունը», – ասել է «People in Need» Հայաստան կազմակերպության տնօրեն Քրիստոֆեր Շմիցը։ «Մենք նաև սերտորեն համագործակցում ենք համայնքապետարանների և տեղական քաղհասարակության կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրի ավարտից հետո այս ծառայությունները շարունակեն գործել և մնան համայնքային կյանքի անբաժանելի մասը»։ 

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել մեր գործընկերներին այս կարևոր նախաձեռնության և երեխաների զարգացմանն ուղղված նրանց հետևողական ջանքերի համար։ Վստահ ենք, որ այս կենտրոնները ոչ միայն նոր հնարավորություններ կստեղծեն երեխաների զարգացման համար, այլև կենսական աջակցություն կտրամադրեն ընտանիքներին և կնպաստեն համայնքում երեխաների համար առավել բարենպաստ ու ներառական միջավայրի ձևավորմանը», – նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։ 

«Այսօր կարևոր և խորհրդանշական օր է բոլորիս համար։ Այսօր գործընկերության և համագործակցության մեր տեսլականը կատարում է իր առաջին հաստատուն քայլը։ Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատացել են այս նախաձեռնությանը, աջակցեցել դրա իրականացմանը և այսօր կանգնած են մեր կողքին։ Թող այս գործընկերությունը դառնա համագործակցության նոր փուլի սկիզբ՝ ի աջակցություն մեր երեխաների և հանուն այնպիսի համայնքի, որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է գտնել իր տեղը և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին», – նշել է «Միասին առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Պայծառ Թումանյանը։ 

Վերջին հինգ տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «People in Need» Հայաստան կազմակերպությունը՝ Ճապոնիայի կառավարության՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հումանիտար աջակցությանն ուղղված միջոցներով Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ստեղծել, ընդլայնել, վերանորոգել և շահագործման են հանձնել երեխաների համար նախատեսված ութ նմանատիպ ապահով տարածք։ 

Այս կենտրոններն աջակցում են հակամարտությունից և տեղահանությունից տուժած երեխաներին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների երեխաներին և նրանց խնամակալներին՝ ապահովելով անվտանգ միջավայր ուսումնառության, ժամանցի, հոգեսոցիալական աջակցության և սոցիալական ներառման համար։ 

Երեխաների համար նախատեսված այս տարածքները ստեղծվում, ընդլայնվում, վերանորոգվում և շահագործման են հանձնվում տեղական և մարզային իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ։ Վերջիններս առանցքային դեր ունեն կենտրոնների կառավարման և դրանց գործունեության շարունակականությունն ապահովելու գործում։ Ակնկալվում է, որ համայնքային և մարզային գործընկերները ծրագրի ավարտից հետո ևս կշարունակեն աջակցել այս տարածքների գործունեությանը՝ ապահովելով դրանց կայունությունն ու շարունակականությունը նաև ծրագրի ավարտից հետո։ 

Հայերեն English Русский

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր