«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

6 րոպեի ընթերցում

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որը տարիներ առաջ ստիպված եղավ դուրս գալ «Գոյ»-ի շենքից, որը ավելի քան 30 տարի գործել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, վերադառնում է «Խելագարը» ներկայացմամբ։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի հանրահայտ «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ 

Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը «Գոյ»-ի դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյանը շեշտեց՝ բեմ են վերադառնում նոր ուժով, նոր թափով, նոր ասելիքով։

«Ներկայացման նախապատրաստական ընթացքը շատ հետաքրքիր է եղել։ Առաջնորդվել ենք մի կարևոր գաղափարախոսությամբ, որ թատրոնն ամենակարևորն է, և այն մեծ ժառանգությունը, որը ստացել ենք մեր ուսուցչից՝ Արմեն Մազմանյանից,  այժմ փորձում ենք չկորցնել։ Վստահ եմ, որ կհաջողենք»,-ասաց նա։

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել էր՝ այն միավորելով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ էր միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը վիճարկում էին դատարանում։

Անդրադառնալով Սունդուկյանի անվան թատրոնի հետ հարաբերություններին՝ Ազիզյանը շեշտեց, որ «Գոյ»-ի խնդիրները շատերը փորձել են ձևափոխել, քաղաքականացնել, անձնականացնել, սակայն հաջողության չեն հասել, քանի որ Մայր թատրոնում աշխատում են «Գոյ»-ի ընկերները, տաղանդավոր մարդիկ, և «Գոյ»-ը խնդիր չունի Սունդուկյանի անվան թատրոնի հետ և ցանկանում է, որ այն լինի բարձունքում։

«Մեր ոչ բոլոր խաղընկերներն են զբաղված «Խելագարը» ներկայացման մեջ, սակայն սա բոլորիս ներկայացումն է, և յուրաքանչյուրն իր հնարավորությունների, կարողությունների չափով օգնում, աջակցում է և կանգնած է այս նախագծի կողքին»,-նշեց Ազիզյանը և հավելեց, որ «Գոյ»-ի հետ կապված գործը դեռ դատական տիրույթում է։ Իրենք փորձում են այդ դաշտ չմտնել, փորձում են ստեղծագործել՝ այդ հարցը թողնելով իրավաբաններին։

Դերասան Սամվել Թոփալյանն էլ խոսեց Դարիո Ֆոյի պիեսի մասին՝ նշելով, որ մինչ այն ընտրելը պրպտումների մեջ են եղել։ «Մտածում էինք, թե ինչի մասին ենք ուզում խոսել բեմում։ Պատահաբար կամ ինքնաբերաբար հասանք «Անարխիստի պատահական մահը»  պիեսին, որը վերանվանեցինք «Խելագարը»։ Պիեսում Ջուզեպպե Պինելլին, որն անարխիստական շարժման ակտիվիստներից է, հայտնվում է ոստիկանությունում, որի չորրորդ հարկից ընկնում և մահանում է։ Այդ պատմության մեջ նկարագրվող դեպքերը տեղի են ունենում  70-ականների Իտալիայում, և մենք հասկացանք, որ ոչ մի տեղ ոչինչ չի փոխվում։ Թեման համընկավ այն դատական պրոցեսի հետ, որին մենք առնչվել ենք։ Ասես այդ կերպարներին հանդիպեցինք պիեսում. թեման շատ հոգեհարազատ էր մեզ։ Այն արդի է, նուրբ հումորով է, հետաքրքիր կերպարներով է»,-պատմեց դերասանը։

Ներկայացման մեջ զբաղված են Մարինե Պետրոսյանը, Սամսոն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Վաչե Երիցյանն ու Նարինե Պետրոսյանը։ Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է։

«Գոյ»-ի ստեղծագործական կազմը մտածել է նաև իրենց սիրված բեմադրությունները խաղացանկ վերադարձնելու մասին, սակայն հիմա կենտրոնացած են առաջնախաղի վրա։

Արսեն Ազիզյանը կարծում է՝ կոմերցիոն իրականությունում շատ դժվար է ունենալ անկախ թատրոն, որը կթելադրի այն գրականությունը, որը միշտ թելադրել է «Գոյ» թատրոնը, բայց իրենք չեն պատրաստվում հրաժարվել բացառիկությունից և ձգտում են հավասարակշռել կոմերցիան և թանկ դրամատուրգիան։ «Խելագարը» բացառություն չէ։

Դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը ևս կարծում է, որ դժվար կլինի, քանի որ շուկայում շատ են հումորային ներկայացումները, որոնց կարիքը հավանաբար կա, սակայն իրենք կպահեն հավասարակշռությունը։ «Մեր ներկայացումները կոմերցիոն շուկային չեն համապատասխանում, և հիմա փորձում ենք կոմերցիայի միջոցով նաև տոմս վաճառել, սակայն մեզ համար անգնահատելի է այն աջակցությունը, որը մեզ ցուցաբերում են հովանավորներն ու գործընկերները»,-նշեց նա։

«Գոյ»-ը Պարոնյանի բեմում կլինի վարձակալության սկզբունքով։ Թատրոնը բաց է բոլոր առաջարկների համար, սակայն այս շրջանում չի նախատեսում հանդես գալ «Գոյ»-ի նախկին տարածքում, որն այժմ գործում է որպես Մայր թատրոնի բաց հարթակ։ Դերասանները պատճառաբանում են՝ դատական գործընթացը դեռ չի ավարտվել։

Դերասանները անհամբերությամբ են սպասում ներկայացման առաջնախաղին, սիրելի հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Ցանկանում են բեմ բարձրացնել և թատերասերներին փոխանցել այն տոնը, որն իրենց ներսում է։

Հայերեն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում