2 րոպեի ընթերցում
Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի հրամանատարությունը կշարունակի օպերատիվ աջակցություն ցուցաբերել Եմենի զինված ուժերին՝ «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հութիների) դեմ պայքարում՝ երկրի տարածքի նկատմամբ վերահսկողության վերականգնման նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Թուրքի ալ Մալիքին։
«Կոալիցիայի միացյալ ուժերի հրամանատարությունը շարունակում է լիակատար օպերատիվ աջակցություն ցուցաբերել Եմենի զինված ուժերին և նախկինի նման կանգնած է օրինական կառավարության և եմենցի եղբայրական ժողովրդի կողքին, որպեսզի վերջ դնի հեղաշրջմանը, վերականգնի պետությունն ու նրա ազգային ինստիտուտները», - մեջբերում է ալ Մալիքիի խոսքը Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալությունը։
Ալ Մալիքին հավելել է, որ խռովարարների «կանխամտածված և սիստեմատիկ» փորձերը՝ գրոհելու Սաուդյան Արաբիայի քաղաքների վրա, պահանջում են «անհրաժեշտ միջոցներ հութի ահաբեկիչների թշնամական գործողությունների զսպման համար»։
Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում է զինված դիմակայունությունը խռովարարների և կառավարական ուժերի միջև, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիան։ Հուլիսին ապստամբները հայտարարեցին թագավորության դեմ ծովային շրջափակում սահմանելու մասին, ինչից հետո հարձակումներ իրականացրին նրա մի քանի նավթատար լցանավերի վրա։
Օգոստոսի սկզբին «Անսար Ալլահ» շարժումը հարձակողական գործողություն սկսեց Եմենի հարավ-արևմուտքում, իսկ սեպտեմբերին վերահսկողություն հաստատեց Մոխա նավահանգստային քաղաքի և այն շրջանների նկատմամբ, որոնք ելք ունեն դեպի Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Հոկտեմբերի 4-ին Եմենի Նախագահական ղեկավար խորհրդի նախագահ Ռաշադ ալ Ալիմին հայտարարեց լայնածավալ ռազմական գործողություն սկսելու մասին՝ հանրապետության՝ հութիների վերահսկողության տակ մնացած տարածքներն ազատագրելու նպատակով: