Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իմաստը մի աշխարհ կերտելն է, որտեղ երեխան իր կյանքով չի վճարում տարաձայնությունների գինը. դեսպան Շիրղոլամի

8 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին հոդված է պատրաստել հոկտեմբերի 2-ի՝ Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա առիթով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ.

«1980 թվականի սեպտեմբերի 22-ը, երբ Իրաքի բաասական վարչակարգը հարձակվեց Իրանի վրա, իրանցիների համար պարզապես ամսաթիվ չէ։ Այն ութ տարի տևած պատերազմի սկիզբն էր, որը փոխեց միլիոնավոր իրանցիների կյանքը և հավաքական հիշողության մեջ մնաց որպես «Սրբազան պաշտպանություն»։

Այս անվանումը հիշեցնում է պատերազմի մասին, սակայն, ինչն ավելի կարևոր է, հիշեցնում է սեփական երկրի և ինքնիշխանության դեմ ագրեսիային դիմագրաված ժողովրդի տոկունության մասին։ Սրբազան պաշտպանությունը տեղի չէր ունենում միայն ռազմաճակատներում։

Թիրախավորվում էին նաև քաղաքները, բնակելի շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները, և պատերազմը ներթափանցել էր մարդկանց առօրյա կյանք։ Հետևաբար, իրանցիների համար «պատերազմատենչության» և «ինքնապաշտպանության» միջև տարբերությունը զուտ տեսական քննարկման հարց չէ․ դա պատմական փորձառություն է, որի գինը մարդիկ վճարել են իրենց կյանքերի և ճակատագրերի հաշվին։ Տասնամյակներ անց այս փորձառությունը կրկնվեց ևս երկու փուլում։ 2025 թվականի հունիսի 13-ին Իսրայելի ռեժիմը լայնածավալ ագրեսիա սկսեց Իրանի դեմ, որը վերածվեց 12-օրյա պատերազմի, իսկ այնուհետև շարունակվեց Միացյալ Նահանգների անմիջական ներգրավմամբ։

2026 թվականի փետրվարի 28-ին էլ սկսվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի համատեղ ագրեսիան Իրանի դեմ։ Առաջին փուլում այդ ագրեսիան շարունակվեց 40 օր, իսկ դրան հաջորդած ամիսներին շարունակեցին պահպանվել թե´ ռազմական առճակատումը, թե´ ռազմական ուժի կիրառման սպառնալիքները և թե´ տնտեսական ճնշումը։

Իրանի համար այս երեք փուլերի միջև կապը հստակ է․ դրանցից յուրաքանչյուրի դեպքում երկիրը ենթարկվել է արտաքին հարձակման, և ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանությունը դարձել է անխուսափելի անհրաժեշտություն։ Այս տեսանկյունից ինքնապաշտպանությունը չի կարելի նույնացնել պատերազմ ընտրելու հետ։ Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ուժն օգտագործվում է քաղաքական կամքը պարտադրելու համար, իսկ պաշտպանությունը հարձակման ենթարկված երկրի արձագանքն ու պատասխանն է:

Միևնույն ժամանակ, Իրանը ինքնապաշտպանությունը չի հակադրում դիվանագիտությանը։ Նույնիսկ 2026 թվականի փետրվարի 28-ի հարձակումների նախօրեին Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները շարունակվում էին, իսկ դրանց շարունակության համար Վիեննայում նախատեսվում էին տեխնիկական բանակցություններ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս նույն օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ դիվանագիտական գործընթացի ճանապարհը դեռ բաց էր։ Սակայն երբ երկխոսության փոխարեն ընտրվում է ուժի կիրառումը, դրա գինը նկատվում է ոչ միայն ռազմական հաշվարկներում․ ոչնչացվում են մարդկային կյանքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի ագրեսիայի ընթացքում ավելի քան հինգ հազար իրանցի քաղաքացի է զոհվել, որոնց թվում եղել են հարյուրավոր կանայք և երեխաներ։ Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաներ և զինվորական հրամանատարներ նույնպես զոհվել են այդ հարձակումների հետևանքով։

Այնուամենայնիվ, թերևս ոչ մի թիվ չի կարող այնքան հստակ ցույց տալ ագրեսիայի և պատերազմի անմարդկային էությունը, որքան մեկ դպրոցի ճակատագիրը։ Մինաբում գտնվող «Շաջարե Թայեբե» աղջիկների տարրական դպրոցը թիրախավորվել էր հարձակման առաջին օրը, ինչի հետևանքով զոհվեց 168 աշակերտ։ Այս թիվը արձանագրել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ը։

Նույն գործողության շրջանակում ԱՄՆ-ի հարձակումներն իրականացվել են նաև «Թոմահավկ» հրթիռների կիրառմամբ։ Լամերդում ևս թիրախավորվեց մարզահամալիր, որտեղ երիտասարդները մարզվում էին։ Վնասվեց Իրանի Փաստորի ինստիտուտը՝ գիտական և բժշկական ոլորտներում երկարամյա պատմություն ունեցող հաստատություններից մեկը։ Իսկ Սիրիքի Քուհեսթաք քաղաքում հարձակման ենթարկվեց մի շենք, որտեղ հարսանեկան արարողություն էր անցկացվում, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին։

Դպրոց, գիտական և բժշկական կենտրոն, մարզահամալիր և հարսանեկան արարողության սրահ. վայրեր, որոնք կոչված էին խորհրդանշելու կրթությունը, առողջությունը, երիտասարդությունն ու կյանքի սկիզբը, վերածվեցին մահվան և ավերածության տեսարանների։ Սրանք պատերազմի մարդկային գնի ընդամենը մի քանի օրինակներ են և ցույց են տալիս, որ ագրեսիայի հետևանքները շատ ավելի հեռու են տարածվում, քան ռազմադաշտը։

Հոկտեմբերի 2-ը՝ Բռնության դեմ պայքարի միջազգային օրը, հնարավորություն է ընձեռում խորհելու հենց այս իրողության շուրջ։ Այս օրը 2007 թվականին սահմանվել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Մահաթմա Գանդիի ծննդյան տարեդարձի օրը՝ խաղաղության, հանդուրժողականության, փոխըմբռնման և բռնությունից հրաժարվելու մշակույթը խթանելու նպատակով։ Սակայն Իրանի ընկալմամբ՝ բռնությունից հրաժարվելը չի կարող նշանակել ագրեսիայի նկատմամբ անգործություն։

Եթե միջազգային հանրությունն իսկապես ցանկանում է վերջ դնել պատերազմների շրջապտույտին, ապա պետք է տարբերություն սահմանի ագրեսիայի և պաշտպանության միջև, չընդունի քաղաքական կամքը պարտադրելու նպատակով ուժի կիրառումը և չանտեսի հարձակման ենթարկված երկրի՝ ինքնապաշտպանության իրավունքը։ Կայուն խաղաղությունը նույնպես հնարավոր է դառնում այն ժամանակ, երբ օրենքը գերակայում է ուժին, իսկ դիվանագիտությանը հնարավորություն է տրվում լուծելու տարաձայնությունները՝ նախքան հրթիռների խոսելը։

«Սրբազան պաշտպանությունը», 12-օրյա պատերազմը և ներկայիս ագրեսիան Իրանի նորագույն պատմության երեք տարբեր փուլերն են, սակայն իրանցիների հավաքական հիշողության մեջ դրանք մեկ ընդհանուր ուղերձ են թողել․ ժողովրդի անկախությունն ու ազգային ինքնիշխանությունը հնարավոր չէ խլել նրանից ուժի միջոցով։ Իրանը չի հրաժարվում ինքնապաշտպանության իր իրավունքից, սակայն նա չի փակում նաև դիվանագիտության ճանապարհը։ Իրանը պահանջում է օրենքի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, այլ ոչ թե սպառնալիքի, պարտադրանքի և ագրեսիայի միջոցով հաստատվող «խաղաղությունը»։

Թերևս հենց սա է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվա իրական իմաստը․ մի աշխարհ, որտեղ որևէ երկիր ստիպված չլինի պատերազմել՝ իր անկախությունը պահպանելու համար, որևէ ժողովուրդ չդառնա ուրիշների կամքի պարտադրման զոհ, և որևէ երեխա իր կյանքով չվճարի քաղաքական տարաձայնությունների գինը։

 Խաղաղությունը սկսվում է ոչ միայն այն ժամանակ, երբ դադարում է պայթյունների ձայնը․ խաղաղությունն իմաստ է ստանում այն ժամանակ, երբ սպառնալիքին ու բռնությանը գերադասվում են մարդը, օրենքը և երկխոսությունը։

Եվ գուցե նման աշխարհի ամենապարզ արտացոլումը պետք է փնտրել ոչ թե քաղաքական դահլիճներում, այլ մեկ դասարանում, որտեղ բոլոր աթոռները կրկին զբաղված են»։

 

Հայերեն Русский