3 րոպեի ընթերցում
Եմենի զինված ուժերը հայտնել են, որ վերջին երեք ժամվա ընթացքում 20 ավիահարված են հասցրել Թաիզի նահանգի մի շարք շրջանների՝ թիրախավորելով հութիների ստորաբաժանումները, հավաքատեղիները, անձնակազմը, տրանսպորտային միջոցները և ռազմական տեխնիկան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում գրառման մեջ հայտնել է Եմենի զինված ուժերի մամուլի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ զինված ուժերն ուղիղ ավիահարվածներ են հասցրել թիրախներին՝ կորուստներ պատճառելով հութիների ուժերին և նրանց սարքավորումներին։
Եմենի զինված ուժերը Թաիզի նահանգի բնակիչներին զգուշացրել են խուսափել հութիների ուժերի կողմից ռազմական տեղաշարժերի և մատակարարումների համար օգտագործվող ճանապարհներից։
Զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և խոցել են հութիների անօդաչու թռչող սարքերը Ադենի օդային տարածքում, նախքան դրանք կհասցնեին հարվածել քաղաքացիական տարածքներին։
Զուգահեռ, Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը հութիներին մեղադրել է հոկտեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի՝ մուսուլմանների սրբազան քաղաք Մեդինայում գտնվող էլեկտրաէներգիայի օբյեկտի վրա հարձակվելու համար։
Արաբական մի շարք երկրներ, այդ թվում՝ Կատարը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Քուվեյթը, Հորդանանը, ինչպես նաև Պակիստանը, Թուրքիան, Մուսուլմանական աշխարհի լիգան դատապարտել են հութիների կողմից Մեդինայի նահանգի քաղաքացիական ենթակառուցվածքների և Մուհամմադ մարգարեի մզկիթը սպասարկող էլեկտրակայանի վրա հարձակումը։
Հութիներին պատկանող Saba լրատվական գործակալության փոխանցմամբ՝ շարժումը հերքել է Մեդինան թիրախավորելու մասին մեղադրանքը՝ այն անվանելով «սուտ» և հավելելով, որ դրա նպատակն է քողարկել Սաուդյան Արաբիայի անկարողությունը՝ հիմնավորելու իր ավելի վաղ հնչեցրած մեղադրանքն առ այն, թե իրենք թիրախավորել են մուսուլմանների սրբազան քաղաք Մեքքան։
Բացի այդ, Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները վերջին 24 ժամվա ընթացքում 47 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել Եմենի երեք նահանգի վրա, որի հետևանքով նյութական վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ կապի ցանցերին, դպրոցներին։