Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ
22 րոպեի ընթերցում
Հայաստանի ընդերքի պարունակությունը և դրա նյութականացմանն ուղղված քայլերը կարող են տեխնոլոգիական ու արդյունաբերական թռիչքի ցատկահարթակ դառնալ մեր երկրի համար։ Պղինձ, մոլիբդեն, հազվագյուտ և կրիտիկական տարրեր․ այս ամենը խիստ պահանջված է լինելու աշխարհում առաջիկա առնվազն մի քանի տասնամյակում ու արտադրական հոսքագծերին, ամենայն հավանականությամբ, նոր ծավալով կհայտնվի նաև հայոց հարուստ ընդերքից։
Դրա ապահովմանը միտված քայլերի, հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարների, Հայաստանում ուրանի, նավթի և գազի պաշարների հայտնաբերման հնարավորությունների, Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային ռեսուրսների ապահովման և արդիական այլ հարցերի շուրջ է «Արմենպրես»-ի թղթակցի հարցազրույցը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ Արշավիր Հովհաննիսյանի հետ։
- Հայաստանում ներկայում իրականացվո՞ւմ են օգտակար հանածոների նոր պաշարների որոնման և ուսումնասիրության աշխատանքներ: Եթե այո՝ որտեղ և ինչ նպատակով: Եթե ոչ՝ ինչո՞ւ:
- Անկախության 35 տարիներին Հայաստանում հայտնաբերվել է ընդամենը մեկ հանքավայր՝ Ամուլսարինը։ Մյուս բոլոր հանքավայրերը գործարկվել են ավելի վաղ։ Սակայն, ունենք հեռանկարային շատ տարածքներ և հանքերևակումներ, որոնք դեռ հանքավայր չեն դարձել, քանի որ տարբեր պատճառներով առայժմ մանրամասն չեն ուսումնասիրվել։
ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում, ըստ էության, չեն իրականացվել համակարգված ուսումնասիրություններ։ Դրանց համար պետք են ֆինանսներ, որոնց առումով երկրի վիճակն այն տարիներին խիստ խնդրահարույց է եղել։ Բացի այդ, ուսումնասիրությունների համար, թերևս, պետք է նաև քաղաքական կամքի առկայություն։ Հիմա այդ ուղղությամբ շարժ, կարծես, զգացվում է։ Հատկապես, այսպես կոչված հազվագյուտ տարրերի և հազվագյուտ հողերի շուրջ զարգացումների խորապատկերում։ Նկատի ունեմ դրանց արդյունահանման վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այս տարի ստորագրված փաստաթղթերը։
Ընդհանրապես, ամբողջ աշխարհում կտրուկ աճել են հազվագյուտ տարրերի և հողերի նկատմամբ պահանջարկը, հետևաբար, նաև դրանց գները։ Դրանք խիստ պահանջված են ժամանակակից բարձր տեխնոլոգիական արտադրությունում։
- Ի՞նչ և որքա՞ն կարող է առաջարկել Հայաստանը։
- Դա հստակեցնելու համար, կարծում եմ, ահռելի աշխատանք ունենք անելու։ Նախ՝ պետք է նորացնենք և թվայնացնենք մեր երկրաբանական քարտեզները։ Եղածները շատ լավն են, բայց արդեն հին են բոլոր առումներով՝ թե՛ տերմինաբանության, թե՛ տեղեկատվական ծանրաբեռնվածության, թե՛ նույնիսկ ժամանակագրական շերտերի ներկայացման առումով։ Շատ դեպքերում երկու հարևան տարածքների քարտեզներում առկա են երկրաբանական կառույցների և դրանց տարիքների անհամապատասխանություններ, որոնք հնարավոր է ճշտել և վերացնել միայն դաշտային համակարգված աշխատանքների արդյունքներով։
Երկրաբանական որոնումների համար հիմքը հենց մասնագիտական քարտեզն է։ Հիմա առնվազն 1։200000 մասշտաբի երկրաբանական պրոֆեսիոնալ քարտեզների կարիք ունենք, որովհետև այլ կերպ անհնար է լիարժեք արտացոլել մեր ընդերքի հնարավորությունները, այն ներկայացնել աշխարհին և ներգրավել ներդրողների։ Այսինքն, շատ համակարգված ու պրոֆեսիոնալ աշխատանքի կարիք կա, եթե ուզում ենք ապահովել այն մակարդակը, որը կա զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում։
- Այդ ուղղությամբ քայլեր իրականացվո՞ւմ են։
- Գիտության կոմիտեի՝ մեր ինստիտուտին հատկացրած դրամաշնորհի շրջանակում կատարվում են զուտ երկրաբանական քարտեզագրման հետ կապված որոշ աշխատանքներ։ Ցավոք, մասնագիտական ընդգրկուն տվյալներ պարունակող, օգտակար հանածոների և մետաղածնական ուղղվածության քարտեզների ստեղծման համար ֆինանսավորում դեռևս չկա։
- Ի՞նչ չափի ֆինանսավորման մասին է խոսքը։
- Ամենահամեստ հաշվարկներով՝ մոտավորապես 100 միլիոն դրամի։ Քարտեզներն ունենալուց հետո պետք է ընտրենք այն տեղամասերը, որոնցում պետք է իրականացվեն որոշակի աշխատանքներ։
- Այդ քարտեզները և ուսումնասիրությունները պետք է պատվիրվեն պետությա՞ն, թե՞ մասնավոր ընկերությունների կողմից։
- Դա պարտադիր պետք է անի պետությունը։ Ֆինանսավորման աղբյուրները կարող են տարբեր լինել, բայց ընդերքն, ըստ մեր օրենսդրության, պետության սեփականությունն է, հետևաբար՝ դրա թիվ 1 պատասխանատուն ու տերը պետությունն է, որն էլ պետք է տիրապետի այս ողջ տեղեկատվությանը ու տնօրինի այն։ Մասնավոր ընկերությունները կարող են առանձին տարածքներում կամ ոլորտներում ուսումնասիրություններ իրականացնել, ունենալ ինֆորմացիա, որը, սակայն, դարձյալ պարտավոր են կիսել պետության հետ։ Ընդերքի մասին ամբողջական և համապարփակ տեղեկատվությունը պետք է պատկանի պետությանը։
- Օգտակար հանածոների ի՞նչ նոր պաշարներ են ներկայում առավել ակտիվորեն ուսումնասիրվում Հայաստանում։
- Այժմ ամենապահանջվածներն են ոսկին, արծաթը, պղինձը, մոլիբդենը և բազմամետաղները՝ կապարը և ցինկը։ Սակայն, հետզհետե կարևորվում են, այսպես կոչված, կրիտիկական միներալները։ Դրանք այն տարրերն են (հիմնականում մետաղական, որոշ դեպքերում՝ նաև ոչ մետաղական), որոնք անչափ կարևոր են տվյալ երկրի արդյունաբերության, հատկապես՝ բարձրտեխնոլոգիական արդյունաբերության զարգացումն ապահովելու համար։
Հայաստանում երբեմն շփոթում են կրիտիկական միներալներ և հազվագյուտ տարրեր հասկացությունները։ Հազվագյուտ տարրերը և հազվագյուտ հողային տարրերը կազմում են կրիտիկական միներալների ցանկի մի մասը։ Օրինակ, պղինձը, առանց որի ոչ մի մարտկոց կամ էլեկտրաշարժիչ չի աշխատի, կրիտիկական միներալ է, բայց հազվագյուտ տարր չէ։
- Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանում ուրանի պաշարների առկայության մասին։ Այդ ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացվո՞ւմ են։
- Ուրանի հանքավայր՝ հաշվարկած պաշարներով, որպես այդպիսին, չունենք։ Կան հանքերևակումներ, որոնք դեռ 1950-1960-ական թվականներին որոշ չափով ուսումնասիրել են Կոլցովի և Գրոմովի արշավախմբերը։ Այնուհետև, 2008-2009 թվականներին ստեղծվել է հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն, որն ուներ ուսումնասիրելու լիցենզիա, բայց գործն ավարտին չհասցրեց։
Այսպիսով, չունենք Հայաստանում ուրանի պաշարների վերաբերյալ հստակ գնահատականներ և հաշվարկներ, այսինքն՝ քանակական և որակական բնութագրերը, որոնք շատ կոնկրետ թվեր են՝ այսքան տոննա և յուրաքանչյուր տոննայում՝ այսքան գրամի կամ տոկոսի պարունակություն և այլն։ Հետևաբար, չունենք նաև ուրանի հանքավայրեր և դրանց շահագործման տեխնիկա-տնտեսական հիմնավորումները։
- Որքա՞ն են Հայաստանի պղնձի պաշարները և ինչքան ժամանակից կսպառվեն ներկայիս տեմպերով արդյունահանման դեպքում։
- Կսպառվեն մոտավորապես 50-100 տարուց, եթե այդ ընթացքում նոր պաշարներ չհայտնաբերենք։ Բայց, կարծում եմ, հնարավոր է նոր պաշարներ հայտնաբերել, որովհետև շուրջ 35 տարի այդ ուղղությամբ գործ չենք արել։ Այն տեղամասերը, որոնք խորհրդային տարիներին առանձնապես հեռանկարային չէին համարվում, այսօր կարող են ուշադրության արժանանալ։ Նախ՝ զարգացել են հանքապարից մետաղի կորզման տեխնոլոգիաները։ Երկրորդ՝ համաշխարհային շուկայում պղնձի գինը պարզապես աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Bloomberg-ի հաշվարկներով՝ 2030-2040 թվականներին աշխարհում պղնձի պահանջարկը հասնելու է այնպիսի մակարդակի, որ այն բավարարելու համար առաջանալու է ամեն տարի Քաջարանի չափի 10-15 հանքավայր հայտնաբերելու կարիք։
Տեսե՛ք, մեկ սովորական մարդատար մեքենայի արտադրության մեջ, տարբեր հաշվարկներով, օգտագործվում է 10-15 կգ պղինձ։ Իսկ էլեկտրամոբիլի մեջ՝ ավելի քան 50 կգ։ Տարեկան արտադրվում են տասնյակ միլիոնավոր էլեկտրամոբիլներ։ Այդպիսով, թվաբանական պարզ գործողության միջոցով կարելի է պարզել, թե որքան մաքուր պղինձ է պահանջվելու միայն ավտոմեքենաշինության համար, որի արտադրության ծավալները գնալով աճելու են։ Բայց, կան նաև այլ ոլորտներ, որոնցում պղինձը շատ կարևոր նշանակություն ունի, այդ թվում՝ էլեկտրաֆիկացիան, ժամանակակից տեխնոլոգիաներն ու դրանց ենթակառուցվածքները։
Այդ առումով գտնում եմ, որ պղինձը մետաղների թագուհին է, ամենակարևոր մետաղը։ Ահավասիկ, խոսում ենք լիթիումի կարևորության մասին, բայց տեսանելի ապագայում այն փոխարինվելու է։ Լիթիումը բավականին անհաջող քիմիական տարր է մարտկոցներում օգտագործելու համար՝ շուտ բռնկվող է, շոգի և հատկապես՝ ցրտի պայմաններում լավ չի աշխատում, ունի լիցքավորելու որոշակի ժամկետ, որից հետո դառնում է անպիտան։ Գիտնականներն այժմ փոխարինող են փնտրում լիթիումին։ Ամենայն հավանականությամբ, փոխարինող կարող են լինել նատրիումը և կալիումը։ Չինացիներն արդեն նատրիումային մարտկոցներ են արտադրում։ Այսինքն, ըստ էության օգտագործում են անչափ էժան հումք։
Նատրիումը կերակրի աղի հիմնական բաղադրիչներից է՝ քլորի հետ։ Իսկ Հայաստանն ունի դրա ահռելի պաշարներ։ Երևան քաղաքը մեծամասամբ գտնվում է աղի շերտերի վրա։ Քաղաքը շրջապատող բոլոր հիմնական բլուրներն աղային դիապիրներ են։ Արարատյան դաշտը, Արմավիրից մինչև Արզնի ընկած տարածքն ամբողջությամբ գտնվում է աղային շերտերի վրա։ Այսինքն, անհրաժեշտության դեպքում Հայաստանը չի ունենալու անչափ էժան հումքի խնդիր։
Ոսկուն և արծաթին նույնպես կարելի է փոխարինող գտնել էլեկտրատեխնիկայի արտադրությունում։ Միակ տարրը, որն այս պահին չունի փոխարինող և այն չի էլ նշմարվում՝ պղինձն է։ Մեզ համար պղինձը նույնն է, ինչ, ասենք, որոշ երկրների համար նավթը։
- Աշխարհում կտրուկ աճել է նաև հազվագյուտ տարրերի պահանջարկը։ Այս առումով ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ընդերքը։
- Ժամանակին դրանք չեն հետազոտվել, որովհետև առանձնակի հետաքրքրություն չեն առաջացրել, բայց հիմա տեխնոլոգիաները փոխվել են։ Պետք է հասկանանք, թե ինչ ունենք։ Երբեք չի կարելի ասել, որ հազվագյուտ տարրերի պաշարներ ունենալու մեր հնարավորությունները զրոյական են։ Հայաստանում կան երկրաբանական որոշ տեղամասեր, որոնք կարող են պարունակել դրանք։ Դա պարզելու համար անհրաժեշտ է ուսումնասիրություններ կատարել։ Մեր ինստիտուտում ունենք հազվագյուտ տարրերի հետազոտման առանձին խումբ, որի աշխատանքները ֆինանսավորվում են Գիտության կոմիտեից ստացած դրամաշնորհի միջոցով։ Ճիշտ է, հետազոտությունները զուրկ են արտադրական կամ գիտաարտադրական բաղադրիչից՝ զուտ գիտական ուղղվածության են, բայց արդեն իսկ լավ է, որ դրանք իրականացվում են։
Ուսումնասիրություններն առնչվում են լիթիումի, սելենի, տելուրի և ռենիումի հնարավոր հանքայնացումներին։ Մինչդեռ, հազվագյուտ տարրերի և հազվագյուտ հողային տարրերի շարքը լրացնող ավելի քան 20 այլ տարրերի վերաբերյալ նախկինում որևէ ուսումնասիրություն չի իրականացվել։ Դրանք հատվածական հայտնաբերվել են այլ ուսումնասիրությունների արդյունքում։
Երբ դրանց նկատմամբ պահանջարկը մեծանա՝ ուզած-չուզած զբաղվելու ենք։ Եթե պետությունն էլ չզբաղվի՝ մասնավորն է զբաղվելու։ Այսօր մեր ոլորտում շատ քիչ են ներդրողները։
- Դրանից բխող բոլո՞ր հետևանքներով։
- Տեսե՛ք, մեզ պետք են տեխնոլոգիաներ, որոնց համար անհրաժեշտ են ներդրումներ։ Լուրջ աշխատանք է պահանջվում, որպեսզի հավանական ներդրողները չվախենան ներդրած գումարը կորցնելու հեռանկարից, ինչպես դա տեղի ունեցավ Ամուլսարի պարագայում։ Մարդիկ մոտ 450 միլիոն դոլար ներդրեցին, իսկ հետո ամեն ինչ 10 տարով փակվեց։ Ներդրողները պետք է երաշխիք ունենան։ Դա շատ լուրջ հարց է, որը, իհարկե, մեր ոլորտից դուրս է, բայց, հաշվի առնելով դառը փորձի առկայությունը՝ որոշեցի շեշտել։
- Հայաստանի երկրաբանական առանձնահատկությունները ի՞նչ առավելություններ կամ դժվարություններ են ստեղծում նոր հանքավայրերի որոնման համար։
- Նախ նշեմ, որ Հայաստանն, ունենալով 30 հազար քառակուսի կիլոմետրից պակաս տարածք, որի մի մասը զբաղեցնում են Սևանա լիճը, նստվածքային ապարներով ծածկված Արարատյան դաշտը և երիտասարդ հրաբխային գոյացումները, իսկապես շատ հարուստ է օգտակար հանածոներով։ Ընդ որում, ոչ միայն մետաղական, այլև ոչ մետաղականներով։ Խիստ սահմանափակ տարածքում (երկրի տարածքի մոտ 30-35%–ը) ունենք Քաջարան, Սոթք, Ագարակ, Թեղուտ։ Ավելին՝ Քաջարանի հանքավայրն իր մասշտաբով առաջին տասնյակում է աշխարհում։
Անդրադառնալով բուն հարցին՝ նշեմ, որ երկրաբանական առանձնահատկություններից պակաս բարդություններ չի առաջացնում Հայաստանի իրավական դաշտը։ Կարծում եմ, մեր բնապահպանական օրենսդրությունը չափազանց խիստ է։ Ավելի խիստ է, քան Կանադայում, եվրոպական շատ երկրներում, Ավստրալիայում և այլուր։ Կարծես, ինքներս մեզ փակ շրջանակում ենք պարփակել։ Օրինակ, հանքավայրի շահագործման համար տրվում է շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության գնահատմամբ հատուկ փաստաթուղթ։ Բայց, նման փաստաթուղթ է անհրաժեշտ նաև այն դեպքում, երբ երկրաբանը պարզապես դաշտային պայմաններում նմուշարկում և ուսումնասիրություններ է իրականացնում։ Իսկ նման փաստաթղթի տրամադրումը ենթադրում է տևական գործընթաց, ներառյալ՝ մի քանի փորձաքննություններն ու լսումները համայնքներում։
Գործընթացը շատ է բարդացված։ Եթե շահագործվող հանքավայրի դեպքում նման խստությունն արդարացված է, ապա ուսումնասիրվող, դեռևս ոչ թե հանքավայրի, այլ հեռանկարային տարածքի պարագայում դա իսկապես վանում է ներդրողներին։ Նրանք չեն ցանկանում տարիներ վատնել անորոշ հեռանկարով նախագծի ուսումնասիրմանը ձեռնամուխ լինելու համար։
Իսկ երկրաբանական առանձնահատկությունների հետ կապված կան ոչ թե դժվարություններ, այլ ռելիեֆին առնչվող որոշ հարցեր։ Շատ դեպքերում հանքավայրերը հիպսոմետրիկ 3000 մ բարձրության վրա են, դժվարամատչելի տարածքներում են, և հաճախ ծավալներով մեծ չեն։ Խիստ ցածր է, ասենք, Քաջարանի կամ Զոդի մակարդակի նոր հանքավայրեր հայտնաբերելու հավանականությունը։ Ավելի մեծ է միջին և փոքր չափի հանքավայրեր գտնելու հնարավորությունը։ Իսկ դրանք կարող են դառնալ ոչ շահավետ, եթե տնտեսվարողը ստիպված լինի նաև հումքի վերամշակման արտադրություն կազմակերպել։ Սա արդեն տնտեսագիտական բնույթի խնդիր է, որը ազդում է խտանյութի ինքնարժեքի վրա։
- Շարունակելով հետազոտությունների թեման՝ ուզում եմ անդրադառնալ Հայաստանում նավթի պաշարների որոնմանը, որի ուղղությամբ աշխատանքներ են կատարվել դեռևս խորհրդային տարիներին։ Մեր երկրում իսկապե՞ս անիմաստ է նավթ որոնել։
- Հայաստանում չունենք նավթի և գազի հաշվարկված, այսինքն՝ լուրջ պաշար ունեցող հանքավայրեր։ Այն տարածքում, որտեղ հիմա Հայաստանն է, վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցած երկրադինամիկական պրոցեսներն ածխաջրածինների մեծ պաշարներ ունենալու հույս չեն թողել։ Ուսումնասիրությունների նպատակով ժամանակին մեծ քանակությամբ խորքային հորատանցքեր են արվել Ողջաբերդում, ինչպես նաև Արմավիրում են իրականացվել այդ ուղղությամբ աշխատանքներ։ Որոշակի հետքեր կան՝ փոքր քանակությամբ գազ դուրս է եկել։ Դրանք ժամանակին եղած պաշարների մնացորդներն են, նաև կուտակումներ, որոնք ձևավորվել են ավելի ուշ՝ վերջին մոտավորապես 30 միլիոն տարվա ընթացքում, և չեն կարող մեծ ծավալներ ունենալ՝ ելնելով երկրաբանական միջավայրից և դիրքից։
Այսինքն՝ պետք չէ հուսալ, որ ապագայում կունենանք նավթի ու գազի հանքավայրեր։ Կարող են լինել փոքր կուտակումներ մեծ խորությունների վրա, իսկ դա հայտնաբերելն իսկ պահանջում է շատ մեծ ծախսեր, որովհետև անհրաժեշտ է լինելու բազում հորատանցքեր բացել։ Անգամ այդ դեպքում պարզ չի լինի՝ այդ գազը դուրս կգա մեկ ամի՞ս, մեկ ժա՞մ, թե՞ մեկ տարի։ Համենայնդեպս, խոսքն այնքան փոքր ծավալների մասին է լինելու, որ այդ ուղղությամբ նույնիսկ չարժե մտածել։ Փոխարենը, պետք է ապավինել եղած պղնձին, մոլիբդենին, ոսկուն և այն հազվագյուտ էլեմենտներին կամ կրիտիկական տարրերին, որոնց մասին, մոտ ապագայում կամ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է գոնե ունենալ որոշակի պատկերացում։
- Արդյոք կան հանքավայրեր, որոնց ուսումնասիրությունները ցույց են տվել օգտակար հանածոների պաշարների առկայություն, սակայն տնտեսական առումով դրանց շահագործումը ներկայումս նպատակահարմար չէ։
- Այո, ունենք հանքավայրեր, որոնց պաշարները հաշվարկված են և դրանց պաշարների մասին տեղեկատվությունն արժանահավատ է։ Նրանք սպասում են իրենց օրվան։
Նաև կանխատեսումային պաշարներ ունենք, որոնց վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունը ցածր է։ Գործնականում, դրանք կարող են լինել Հայաստանի ամբողջ տարածքում։ Եթե մետաղների մասին ենք խոսում, ապա բոլոր մարզերում, բացառությամբ Արարատյան դաշտի հատվածի, ունենք նման երկրաբանական օբյեկտներ։ Այդպիսով, ունենք հեռանկարային տարածքներ (սկսած ամենաթույլ կատեգորիայից), հանքերևակումներ և հաշվարկած պաշարներով որոշակի կարգի հանքավայրեր, որոնք դեռ չեն շահագործվում։
- Երկրաբանները հետախուզում են նաև ստորերկրյա ջրային պաշարները, որոնք կենսական կարևորություն են ստանում կլիմայական այս կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանում։ Որքա՞ն են մեր ստորերկրյա ջրային հարստության ծավալները։
- Ճիշտն ասած, ջրային երկրաբանության մասնագետ չեմ, բայց որպես երկրաբան կարող եմ ասել, որ մեզ մոտ աղետալի վիճակ է ստեղծվել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հետ կապված։ Դրանց պաշարները խիստ կրճատվել են։ Ժամանակին այն համադրելի էին Սևանա լճի ջրային պաշարների հետ, իսկ հիմա, երևի, կեսն էլ չեն կազմում։ Դա, իհարկե, վերականգնվող ռեսուրս է, բայց դրա համար պահանջվում են համապատասխան քայլեր և գուցե տասնյակ տարիներ։ Արարատյան դաշտի ջուրը շատ անփույթ ձևով է օգտագործվում ու հեռանում է մեր երկրի տարածքից։ Գնալով վիճակը վատանում է՝ խորքային հորերը չորանում են։ Դա արդեն աղետ է։
Զարմանալի է, որ Արարատյան դաշտում կա այդպիսի զարգացած ձկնաբուծություն։ Կարելի էր պարզապես փոխհատուցել ձկնաբույծների ծախսերը ու նրանց գործունեությունը տեղափոխել նախալեռնային գոտիներ։
- Հայաստանում նոր հանքավայրերի ուսումնասիրություններից ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել առաջիկա 5–10 տարիներին։
- Դրա մասին հստակ հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե պետությունն ապահովի ներդրումների համար անհրաժեշտ պայմաններ, ինքն էլ ներդրումներ կատարի։ Գոնե պատկերացում կունենանք մեր ընդերքում հազվագյուտ և կրիտիկական տարրերի վերաբերյալ։ Դրան պետք է հաջորդեն այդ տարրերի մանրակրկիտ ուսումնասիրությունը և պաշարների հաշվարկը, որն ավելի ժամանակատար և ծախսատար է լինելու։
Իմիջիայլոց, ունենք նաև այրվող պինդ օգտակար հանածոներ՝ գորշ ածուխ, այրվող թերթաքարեր, նաև բիթումնաբեր ապարներ, որոնք որպես վառելիք շատ ցածր որակի են, բայց փոխարենը ունեն մեկ այլ հատկություն՝ մետաղաբերության։ Այս առաջացումների մեջ առկա են մետաղներ։ Անալիզները վկայում են ոսկու, արծաթի և ռենիումի պարունակության մասին։ Հիմա պետք է հետազոտենք դրանց կորզման հնարավորությունները։
Երկրորդ քայլն, այսպես կոչված, գազաֆիկացման հնարավորության ուսումնասիրությունն է։ Այսինքն, մետաղները կորզելուն զուգահեռ պետք է ապահովել նաև մի կողմից էներգիայի անջատում, մյուս կողմից գազեր, հիմնականում՝ ջրածին և հելիում։ Իսկ ջրածինը, ինչպես գիտեք, համարվում է ապագայի էներգետիկ ռեսուրս։
Այդ նպատակով արդեն դիմել եմ Գիտության կոմիտե․ հուսով եմ 2027 թվականին դրամաշնորհ կհատկացվի և 5 տարում կտանք հարցի պատասխանը։