Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Թենեսիի նահանգը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է իրականացնել կնոջ մահապատիժ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Թենեսիի նահանգը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում է իրականացնել կնոջ մահապատիժ

Սեպտեմբերի 30-ին Թենեսիում նախատեսված է 50-ամյա Քրիստա Փայքի մահապատիժը, որը կդառնա ամերիկյան այս նահանգում կնոջ նկատմամբ իրականացվող առաջին մահապատիժը վերջին 200 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ամերիկյան National Public Radio-ն (NPR)։

Փայքը 18 տարեկանում խանդի նոպայի ազդեցության տակ սպանել էր համադասարանցուն՝ այդպիսով դառնալով մահապատժի դատապարտված ամենաերիտասարդ կանանցից մեկը։

Փայքը և նրա ընկերը մեղավոր են ճանաչվել 1995 թվականին իրենց համադասարանցու՝ 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության գործով։ Ըստ մեղադրող կողմի՝ Փայքը, վախենալով, որ Սլեմերը կարող է իր մրցակիցը լինել ընկերոջ հետ հարաբերություններում, նրան տարել է մեկուսի վայր, որտեղ ընկերոջ հետ միասին խոշտանգել և սպանել է նրան։ Գործը լայն արձագանք է գտել սպանության դաժանության, դրանում ներգրավված անձանց տարիքի, ինչպես նաև զոհի մարմնին սատանայական խորհրդանիշ փորագրելու հանգամանքի պատճառով։

Փայքի ընկերը՝ Թեդերիլ Շիփը, որը հանցագործության ժամանակ 17 տարեկան էր, դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Փայքը չի հերքում իր մեղքը, սակայն նրա փաստաբաններն ու աջակիցները պնդում են, որ մահապատիժը տեղին չէ այնպիսի հանցագործության համար, որը կատարվել է անչափահաս տարիքում, երբ նա տառապել է չբուժված հոգեկան հիվանդությամբ և մանկության տարիներին ենթարկվել դաժան սեռական բռնության ու անտեսման։ Ըստ հաղորդումների՝ Սլեմերի մայրը ցանկանում է, որ մահացու ներարկման միջոցով պատիժն ի կատար ածվի։

Թենեսիի նահանգապետ Բիլ Լին հայտարարել է, որ չի բավարարի ներման խնդրանքը։ Փայքի փաստաբանները Գերագույն դատարանից խնդրել էին կասեցնել մահապատժի իրականացումը՝ մատնանշելով  նրա տրավմատիկ անցյալը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում