Մերձավոր Արևելք

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տիկնոջ ուղեկցությամբ այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյան X հարթակում վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա տիկինը երեկ այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդի հրավերով», - նշված է գրառման մեջ։

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու տարածաշրջանային մարտահրավերները։

Վարչապետին ուղեկցել են Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը, «Մոսադ»-ի ղեկավարը, ռազմական քարտուղարը և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը։

Էմիրաթական WAM  գործակալությունը նույնպես հաստատել է Նեթանյահուի այցն ԱՄԷ՝ նշելով, որ երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու կապերն ամրապնդելու ուղիները։

The Associated Press-ի փոխանցմամբ՝ գաղտնի այցը տեղի է ունեցել շաբաթներ անց այն բանից հետո, երբ իսրայելական լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել, թե ԱՄԷ նախագահն Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ զինված խմբավորման 2023 թ. հոկտեմբերի 7-ի հարձակումից առաջ Նեթանյահուին զգուշացրել էր սպառնացող վտանգի մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իսրայելի վարչապետը, ենթադրաբար, այս նախազգուշացումը չի փոխանցել անվտանգության ծառայություններին։

Իսրայելական «12-րդ ալիքը» սեպտեմբերի 28-ին հաղորդել էր, թե Նեթանյահուի այցի նպատակն էր խնդրել ԱՄԷ նախագահին հերքել, որ նման նախազգուշացում է եղել։

Նեթանյահուի գրասենյակը հերքել է, որ վարչապետը նման խնդրանք է ներկայացրել՝ նշելով, որ այցը կենտրոնացած էր բացառապես երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերների լուծման վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում