Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները. քաղաքագիտական տեսակետ

5 րոպեի ընթերցում

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ մարդկությունն, իրականում, գործ ունի նոր աշխարհակարգի կառուցման գործընթացի հետ, որն առանձնահատուկ է նրանով, որ ուժը շատ ավելի որոշիչ դեր է ունենում, քան ձևավորված կանոնները, և ակնհայտ է, որ նախկին կանոնների վրա կառուցված աշխարհակարգը լրջագույն ճգնաժամի մեջ է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էդգար Վարդանյանն անդրադարձավ միջազգային ասպարեզում ամենաթեժ հակամարտություններից մեկին՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, և դրա բնույթով ու հնարավոր հանգուցալուծմամբ պայմանավորեց նոր աշխարհակարգի հետագա բնույթը։

«Աշխարհում տեղի ունեցող տրանսֆորմացիոն գործընթացներն իրենց բնույթով աննախադեպ են, սակայն որոշ չափով կա փոխըմբռնում ԱՄՆ ներկայիս վարչակազմի և ՌԴ իշխանությունների միջև, ինչը չկար Միացյալ Նահանգների նախորդ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման օրոք, որի մոտեցումներն ավելի շատ կրում էին կոնֆրոնտացիոն բնույթ։ Այնպես որ՝ փոխըմբռնման հանգամանքը կարող է որոշակիորեն նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծմանը»,- ասաց Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ բանակցային գործընթացի վրա էապես կարող է ազդել նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ-ում սպասվում են համապետական ընտրություններ, ուստի, դրանից ընդառաջ, Թրամփի վարչակազմը պետք է ցույց տա դրական տեղաշարժեր բանակցային գործընթացում։

«Դոնալդ Թրամփը բավականին քիչ ժամանակ ունի, հետևաբար, բոլոր ջանքերը ներդնելու է ինչ-որ հանգուցալուծման հասնելու համար՝ թեկուզ գալով նախնական համաձայնության։ Խնդիրը նաև այն է, որ Ռուսաստանը, թեև հայտարարում է, թե պատրաստ է բանակցություններին, սակայն առաջնորդվում է սեփական օրակարգով, որը տրամագծորեն հակադիր է ուկրաինական օրակարգին։ Հակամարտող կողմերը սուր տարաձայնությունների պատճառով չեն կարողանում կոմպրոմիսի գալ։ Երկուստեք պահանջներն անընդունելի են, ուստի դժվար է ասել, թե արդյոք Միացյալ Նահանգներին, թեկուզ մեծ ճիգերի գնով, կհաջողվի համոզել ՌԴ-ին գնալ զիջումների և մեղմել իր դիրքորոշումը»,- նշեց Վարդանյանը։   

Քաղաքագետն ընդգծեց, որ այսօր ռազմադաշտում առաջացել է փակուղային իրավիճակ, բայց դա չի նշանակում, որ լուծումների փնտրտուքը չի ինտենսիվանա։

«Ուկրաինան շարունակում է լուրջ դիմադրություն ցույց տալ ՌԴ-ին՝ օգտվելով արևմտյան երկրների աջակցությունից։ Կիևը շատերի համար անսպասելիորեն իր ռազմարդյունաբերությունը նոր ռելսերի վրա դնելու և նոր տեխնոլոգիաներն արդյունավետորեն օգտագործելու արդյունքում կարողացավ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարբեր քաղաքների ռազմական և արդյունաբերական օբյեկներին, ինչն էապես փոխեց պատերազմի բնույթը»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին և դրա հանգուցալուծման ուղիների փնտրտուքի համատեքստում Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը շարունակում են մնալ գործընկերներ, Վարդանյանն ընդգծեց՝ երկու բևեռները թեև այս փուլում չունեն միասնական մոտեցումներ ու դիրքորոշումներ, բայցևայնպես, շարունակում են մնալ գործընկերներ։

«Ռազմական ներուժի առումով ԱՄՆ-ի դիրքերը միանշանակ ավելի ուժեղ են ԵՄ դիրքերից, ինչը չի կարող չազդել բանակցային գործընթացի վրա։ Այստեղ թիվ մեկ խաղացողը Միացյալ Նահանգներն է, որն ունի հնարավորություններ՝ համոզելու եվրոպական երկրներին ընդունել ինչ-որ տարբերակ, որը ԵՄ-ի համար կարող է այդքան էլ նախընտրելի չլինել։ Կան որոշակի «կարմիր գծեր» և՛ ԵՄ-ի, և՛ Ուկրաինայի համար։ Եթե այդ գծերը չհատվեն, լուծումներ հնարավոր են հենց Միացյալ Նահանգների ու եվրոպական երկրների միջև, որոնք դաշնակիցներ են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի շրջանակում»,- մանրամասնեց Վարդանյանը։

Նրա դիտարկմամբ՝ նոր աշխարհակարգը թեև ամբողջությամբ դեռ չի ձևավորվել, սակայն ինտենսիվ տրանսֆորմացիաների մեջ է, հետևաբար ռուս-ուկրաինական և իրանաամերիկյան հակամարտությունների հանգուցալուծումը կարող է հանգեցնել նոր աշխարհակարգի ինստիտուցիոնալիզացիայի։ 

«Այնուամենայնիվ, նոր ձևավորվող աշխարհակարգում, որը հիմնվում է ուժի, քան կանոնների կիրառման վրա, միջազգային ինստիտուտները, միևնույն է, ունենալու են շատ լուրջ ազդեցություն և կարևորություն։ Այսօր կարելի է միաժամանակ փաստարկներ բերել և՛ միաբևեռ, և՛ երկբևեռ, և՛ բազմաբևեռ աշխարհակարգերի օգտին, ուստի դժվար է ասել, թե հակամարտությունների հանգուցալուծումը որքանով կարող է որոշակիացնել հարցը։ Մի բան հստակ է՝ բանավեճերը կշարունակվեն, բայց Միացյալ Նահանգների կարևորագույն դերն այդ աշխարհակարգում մնալու է անբեկանելի»,- եզրափակեց քաղաքագետը։   

Հայերեն English Русский

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Վերջնաժամկետը 2029 թվական. ՆԳ նախարարը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին

Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը