ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
3 րոպեի ընթերցում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 24-ին մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից Եվրոպական Դատարանի կանոնների 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ներկայացված պահանջը։
Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ խնդրելով ՄԻԵԴ-ին պարտավորեցնել ՀՀ կառավարությանը՝ վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և որևէ կերպ չսահմանափակել նրա ազատությունը, դադարեցնել նրան պատգարակի վրա տեղափոխելու պրակտիկան, ապահովել նրա բժշկական օգնություն ստանալու իրավունքի արդյունավետ իրացումը, վերացնել նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը և թույլ տալ բուժման նպատակով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նշեցին, որ ՄԻԵԴ-ը ներկայացված պահանջը կոմունիկացրել էր Հայաստանի կառավարությանը՝ կողմերին ուղղելով վերաբերելի հարցեր և հնարավորություն տալով ներկայացնել իրենց դիրքորոշումները։
«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի և դիմումատուի կողմից ներկայացված պատասխանները ստանալուց հետո ՄԻԵԴ-ը որոշել է ամբողջությամբ մերժել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Գագիկ Խաչատրյանի պահանջը։ Այսպիսով, Դատարանի կանոնների 39-րդ կանոնի շրջանակներում ներկայացված պահանջների վերաբերյալ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսել»,-ընդգծեցին գրասենյակից:
***
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն անցնում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, որի շրջանակում անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ են իրականացվել նրա, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։ Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 1-ին ձերբակալվել էր։ Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել էր սեպտեմբերի 2-ին: