2 րոպեի ընթերցում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը որպես կանխարգելում, հորդորում է բնակիչներին ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։
«Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։ Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է կառույցի տարածած հայտարարության մեջ։
Ընկերությունից հորդորում են ջրի փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
Սեպտեմբերի 23-ին խոշոր վթար էր գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Ընկերությունը վթարի վերացման հետևանքով հայտարարել էր ջրանջատում՝ մեկտեղ ընդգծելով, որ ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։
Երևանի մի շարք համայնքների բնակիչներ համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են տարածում՝ ցույց տալով իրենց ծորակից հոսող պղտոր ջուրը՝ մեղադրելով այդ ամենի մեջ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունն արձագանքել էր, որ «Արզական–Քանաքեռ–Զովունի» ջրատարի վթարի հետևանքով ջրի բնականոն հոսքի փոփոխությունը կարող է առաջացնել ջրի ժամանակավոր պղտորություն։