Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար
2 րոպեի ընթերցում

Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Իսրայելի կառավարության անօրինական քաղաքականությունն ու գործողությունները «մերկացվել են» աշխարհի առաջ: Նախարարի խոսքով՝ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ ձայներ են բարձրանում երեխաների սպանությունների, դպրոցների ավերման և խաղաղ բնակիչների սովի մատնելու իսրայելական գործողությունների դեմ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X-ում հրապարակած գրառման մեջ Սաֆադին նշել է, որ Իսրայելի «խոսափողերը» հուսահատ արշավներ են իրականացնում՝ «պատմությունը խեղաթյուրելու» և միջազգային իրավունքի հարգումը պահանջողների վստահելիությունը կասկածի տակ դնելու նպատակով՝ միաժամանակ թիրախավորելով ՄԱԿ-ը, մարդասիրական կազմակերպություններն ու միջազգային առաջնորդներին։
Սաֆադին հայտարարել է, որ Հորդանանը շարունակելու է բացահայտել «օկուպացիայի անմարդկայնությունը» և մոբիլիզացնել միջազգային գործնական քայլերը՝ զսպելու Իսրայելի էքսպանսիոնիզմը։ Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունն «ամբողջ տարածաշրջանի ապագան պատանդ է պահում՝ այն դատապարտելով հակամարտության և տառապանքի»։
«Իսրայելի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի խախտումների, պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իր կողմից իրականացվող անարդարության, ճնշման և զրկանքների, ինչպես նաև տարածաշրջանին պարտադրվող հակամարտությունների համար, որոնք սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասել է Սաֆադին։