Մարզեր

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

3 րոպեի ընթերցում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Սեպտեմբերի 22-ին կայացել է Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար Մարիանա Ռաֆայելյանը ներկայացրել է Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի վերաբերյալ հաղորդագրությունը:

Համաձայն ներկայացված հաղորդագրության՝ Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 91,9 տոկոսով։ Վարչական բյուջեի պլանը /ճշտված/ կազմել է 1 միլիարդ 220 միլիոն 893,5 հազար դրամ, որի դիմաց որպես սեփական եկամուտ հավաքագրվել և պետական բյուջեից դոտացիա է ստացվել 1 միլիարդ 238 միլիոն 886,7 հազար դրամ, կատարողականը կազմել է 101,47 տոկոս , առկա է 17 միլիոն 993,2 հազար դրամ եկամուտների գերակատարում։ Բանախոսը ներկայացրել է 2026 թվականի բյուջեի 1-ին կիսամյակի ցուցանիշները՝ եկամտային, ծախսային բաղադրիչներով, ինչպես նաև համեմատականներ անցկացրել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Օրակարգային հարցերը ներկայացվել են աշխատակազմի բաժինների պետերի, աշխատակազմի ղեկավարի կողմից: Համայնքի ավագանու համապատասխան որոշումներով ստեղծվել է «Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, դրամաշնորհ է հատկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի և «Կոտայքի և Գեղարքունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ՍՊԸ-ին, նոր խմբագրությամբ հաստատվել են «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի, Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների կանոնադրությունները, Սևան համայնքի Սևան, Գագարին, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերում անվանակոչվել են փողոցներ, նախկինում ընդունված մի շարք որոշումներում կատարվել են փոփոխություններ, կայացվել են այլ որոշումներ:

Ավագանու նիստն ամփոփվել է ՀՈԱԿ-ների տնօրենների, վարչական ղեկավարների զեկուցագրերի, ընկերությունների, քաղաքացիների դիմումների քննարկմամբ, որոնց մի մասը ստացել են սպառիչ պատասխան՝ համապատասխան որոշումների ընդունմամբ: Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ևս մեկ անգամ ընդգծեց աղբահանության դիմաց վարձավճարների ժամանակին վճարման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում