1 րոպեի ընթերցում
Գավառ համայնքում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար։ Միջոցառումը նախաձեռնել են Գավառի համայնքապետարանը և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն։ Մրցաշարը կազմակերպել են պատասխանատուներ Նարեկ Մուրադյանը և Լալա Մկրտչյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել է Գավառ քաղաքի և համայնքի բնակավայրերի 21 ձիավար։
Մրցարշավի ընթացքին ներկա է գտնվել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։
Մասնակիցները մրցել են 800 մետր մրցուղում։ Ամենաարագ արդյունքը գրանցած երեք ձիավարներն արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի։
Առաջին տեղը զբաղեցրել է Վարդգես Մանուկյանը, երկրորդը՝ Սիրակ Սաֆարյանը, իսկ երրորդը՝ Արթուր Կարապետյանը։
Կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար Գևորգ Զախարյանին հանձնվել է շնորհակալագիր։
Մրցանակները հաղթողներին հանձնել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։