Հայաստանի պատվիրակությունը «ԵՄՓ-2026»-ին. միջազգային երկխոսություն, մշակույթ և նոր հնարավորություններ
12 րոպեի ընթերցում
Եկատերինբուրգում սեպտեմբերի 11-17-ն անցկացված «Երիտասարդության միջազգային փառատոն-2026» -ը մեկ հարթակում էր համախմբել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր երիտասարդների։ Փառատոնի հիմնական փուլին մասնակցել են 191 երկրների պատվիրակություններ՝ շուրջ 10 հազար մասնակիցներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը փառատոնին ներկայացված էր ավելի քան 120 երիտասարդի մասնակցությամբ։
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներ՝ ուսանողներ, աշխատողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բարեհաջող հաղթահարել էին մրցութային փուլերը և ընտրվել որպես մասնակից: Հայաստանի պատվիրակության կազմում ակտիվ մասնակցություն ունեցան տարբեր երիտասարդական կառույցների և առաջատար բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Երիտասարդության Հայ-ռուսական միության պատվիրակությունը։
Մասնակցություն, որի հիմքը ձևավորվում է տարիների ընթացքում
Հայաստանի մասնակցությունը միջազգային երիտասարդական այս հարթակին ունի շարունակական պատմություն։ Այդ գործընթացում դեռևս 2017 թվականից ներգրավված են եղել Եկատերինբուրգ մեկնած պատվիրակության մի խումբ անդամներ՝ այդ թվում Ռաֆայել Պողոսյանը և Միքայել Մարտիրոսյանը։ 2017 թվականին Ռաֆայել Պողոսյանը եղել է հայկական պատվիրակության համակարգողներից մեկը, իսկ հետագա տարիներին շարունակել է ներգրավված լինել միջազգային երիտասարդական ծրագրերի շրջանակում հայկական պատվիրակությունների աշխատանքների կազմակերպման և համակարգման գործընթացում՝ նպաստելով Հայաստանի պատվիրակությունների բարձր մակարդակով ներկայացումը միջազգային երիտասարդական հարթակներում: 2024 թվականին Միքայել Մարտիրոսյանը ղեկավարել է Հայաստանի ազգային նախապատրաստական կոմիտեն՝ որպես Հայաստանի ազգային նախապատրաստական կոմիտեի նախագահ՝ համակարգելով Հայաստանի մասնակցության նախապատրաստական աշխատանքները «Երիտասարդության համաշխարհային փառատոն-2024»-ի շրջանակում։
Այս շարունակականությունը հնարավորություն է տվել ձևավորել միջազգային գործընկերային կապերի կայուն շրջանակ և Հայաստանի երիտասարդության մասնակցությունն ապահովել տարբեր միջազգային հարթակներում։
Հայաստանը՝ փառատոնի մշակութային և երիտասարդական երկխոսության հարթակում
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանի պատվիրակությունը հանդես է եկել ազգային խորհրդանիշներով և երգերով՝ երթով անցնելով մինչև «Եկատերինբուրգ-Էքսպո» միջազգային ցուցահանդեսային կենտրոն՝ հնչեցնելով «Հայաստանը ԵՄՓ-2026-ում» կոչը։
«Փառատոնի ընթացքում յուրաքանչյուր երկիր հնարավորություն է ունեցել ներկայացնելու իր մշակույթն ու ազգային ինքնատիպությունը։ Հայաստանի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է հայկական մշակույթի կարևոր խորհրդանիշներից մեկը՝ հայկական պարերը՝ հրավիրելով այլ երկրների մասնակիցներին միանալ կատարումներին։», – նշել է Միքայել Մարտիրոսյանը:
Եվրասիական Երիտասարդական Ասամբլեայի Հայաստանում ղեկավար, Երիտասարդության Հայ-ռուսական Միության համակարգող Ռաֆայել Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի համար փառատոնը կարևոր էր ոչ միայն մասնակցության, այլև միջազգային երիտասարդական երկխոսության մեջ ակտիվ ներգրավվածության տեսանկյունից։
«Մենք տրամադրված էինք Հայաստանի՝ փառատոնին հնարավորինս արդյունավետ մասնակցությանը։ Մեր առաքելությունն է նոր որակ հաղորդել և բարձրացնել Հայաստանի դերը միջազգային հարթակում։ Միևնույն ժամանակ, միջազգային երիտասարդական երկխոսության կարևորագույն նպատակը երիտասարդների միջև փոխըմբռնման, բարիդրացիական հարաբերությունների, մշակութային և հասարակական կապերի ամրապնդումն է»,– նշել է նա։
Պատվիրակության համակարգումը
Հայկական պատվիրակությունը կուռ միասնական թիմ էր, որտեղ ավելի փորձառուները կիսվում էին կառավարման իրենց խորհուրդներով: Համակարգողներից «Հայկական երիտասարդական ցանց» ՀԿ-ի նախագահ, Երիտասարդության Հայ-ռուսական միության նախագահի նախկին օգնական Ժիրայր Թորգոմյանը նշել է.
«Հայաստանի պատվիրակության համար մեծ պատիվ է և միաժամանակ պատասխանատվություն՝ արժանապատվորեն ներկայացնել մեր երկիրը ԵՄՓ-ում։ Վստահ եմ, որ մենք մեր երկիրը, նրա մշակույթն ու երիտասարդությանը ներկայացրեցինք լավագույնս։ Ամենակարևորը՝ մեր պատվիրակության յուրաքանչյուր մասնակից փորձեց առավելագույնս օգտվել փառատոնի ընձեռած հնարավորություններից»:
Փառատոնի շրջանակում անցկացվել են քննարկումներ, դասախոսություններ, կրթական, մշակութային և ինտերակտիվ ծրագրեր՝ միջազգային երիտասարդական համագործակցության, ժամանակակից մարտահրավերների և համամարդկային արժեքների շուրջ։
ԵՄՓ-2026-ի շրջանակում առանձին ծրագրով մասնակցել են նաև անչափահաս մասնակիցները՝ իրենց տարիքային խմբին համապատասխան կրթական, մշակութային և ինտերակտիվ ձևաչափերով։
«Այս անգամ համեմատ նախորդ տարիների՝ ՀՀ համարյա թե բոլոր մարզերի ներկայացուցիչներ ունեին ներգրավվածություն պատվիրակության կազմում, ինչն ուղղակիորեն աչք է շոյում։ Սա տարիների աշխատանքի արդյունք է»- իր խոսքում նշել է Կոտայքի մարզպետին առընթեր Երիտասարդական խորհրդի նախկին ղեկավար, Երիտասարդության հայ-ռուսական միության ղեկավարի միջտարածաշրջանային համագործակցության գծով նախկին խորհրդական Գևորգ Պետրոսյանը: Եվ այո, հայկական պատվիրակության մասնակցության կարևոր առանձնահատկություններից մեկը նաև դրա աշխարհագրական բազմազանությունն էր։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի տարբեր մարզեր և քաղաքներ ներկայացնող երիտասարդներ, այդ թվում՝ Հրազդանը ներկայացնող «Հայի Բռունցք» ՀԿ-ի ներկայացուցիչներ Եվա Մկրտչյանը և Մայիս Բաղդասարյանը:
Եվա Մկրտչյանի խոսքով՝ փառատոնը նոր ծանոթությունների, գաղափարների և միջազգային շփումների մեծ հնարավորություն էր։
Մայիս Բաղդասարյանը նշել է, որ հատկապես տպավորիչ էր տարբեր երկրների երիտասարդների հետ շփումն ու Հայաստանի ներկայացումը։
Հայաստանի երիտասարդների մասնակցությունը փառատոնին չի սահմանափակվել մշակութային և կրթական ծրագրերով։ Հայկական պատվիրակության ներկայացուցիչները ներգրավվել են նաև միջազգային մրցութային նախագծերում։ ArtMasters Open միջազգային ծրագրի շրջանակում ավելի քան 3600 հայտերից ընտրվել է շուրջ 100 մասնակից։ Ծրագիրը նախատեսված էր կինոյի և մեդիաարտադրության ոլորտի մասնագետների համար, որոնք աշխատում էին միջազգային թիմերի կազմում։ Հայաստանից ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարել էր Ջուլիետա Հովսեփյանը։ Նա միջազգային թիմի կազմում աշխատել է «Լուսանկարիչը» կարճամետրաժ ֆիլմի մոնտաժի վրա։ Ֆիլմը միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը։ «Հայթեք․ Յունիորներ»․ Հայաստանը՝ մրցանակային հորիզոնականում «ԵՄՓ-2026»-ի շրջանակում Եկատերինբուրգում անցկացվել է նաև «Հայթեք․ Յունիորներ» միջազգային մրցույթը։ Մրցույթի արդյունքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սոֆիա Լարինան, երկրորդը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Շեխավցովը, իսկ երրորդ տեղը՝ Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Պապինյանը։
«Ուրախ եմ, որ կարողացա ներկայացնել Հայաստանը և զբաղեցնել մրցանակային տեղ։ Սա ինձ համար նոր փորձ է և առաջ շարժվելու հնարավորություն»,– նշել է Պապինյանը։
Փառատոնի երաժշտական հատվածում ներգրաված էր նաև միջազգային մրցույթների դափնեկիր, վոկալիստ Արթուր Աղաջանովը:
Երիտասարդական երկխոսությունը՝ որպես երկարաժամկետ համագործակցության հիմք
«ԵՄՓ-2026»-ի շրջանակում Հայաստանի երիտասարդները հնարավորություն են ունեցել ոչ միայն ներկայացնելու սեփական երկիրը, մշակույթն ու երիտասարդական ներուժը, այլև ձևավորելու նոր միջազգային կապեր։ Ռաֆայել Պողոսյանի գնահատմամբ՝ միջազգային երիտասարդական միջոցառումների կարևոր արդյունքը մարդկանց միջև ձևավորվող կապերն են, գաղափարների փոխանակումն ու համագործակցության նոր հնարավորությունները։
Հատկանշական է նաև, որ հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև փառատոնի շրջանակներում անցկացվող «Խաղաղության քայլերթին»: Առջևից քայլում էին հայ աղջիկները՝ վառ ազգային տարազներով՝ ներկայացնելով հայկական մշակույթի գունեղությունն ու ինքնատիպությունը։ Իսկ երաժշտական ուղեկցությունն ապահովում էր փողային գործիքներ նվագող երաժիշտ Միքայել Արզումանյանը՝ դուդուկի հնչյուններով։ Երթը համակարգում էին պատվիրակության ամենափորձառուները:
Մասնակցության արդյունքները գնահատելիս Երիտասարդության Հայ-ռուսական միության ղեկավարի նախկին տեղակալ, պատվիրակության համակարգողներից Էդուարդ Խաչատուրյանը, ով նույնպես ունի նմանատիպ միջոցառումներին մասնակցելու մեծ փորձ, նշել է․
«Այս միջոցառումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ երիտասարդությունը կարող է լինել ոչ միայն քննարկումների մասնակից, այլև իրական փոփոխությունների և միջազգային համագործակցության նախաձեռնող ուժ»։
Հայաստանի պատվիրակության մասնակցությունը «ԵՄՓ-2026»-ին ևս մեկ անգամ ընդգծեց այն հնարավորությունները, որոնք միջազգային երիտասարդական հարթակները ստեղծում են տարբեր երկրների երիտասարդների միջև անմիջական շփման, փորձի փոխանակման և երկարաժամկետ համագործակցության համար։ Հայկական պատվիրակության մասնակցությունը միավորեց տարբեր քաղաքներ, ոլորտներ և երիտասարդական կառույցներ՝ մեկ ընդհանուր հարթակում ներկայացնելով Հայաստանի երիտասարդության բազմազանությունն ու ներուժը։ Մշակութային ծրագրերից և միջազգային երկխոսությունից մինչև մասնագիտական մրցույթներ ու նոր գործընկերային կապեր՝ «Երիտասարդության միջազգային փառատոն-2026»-ը Հայաստանի երիտասարդների համար դարձավ միջազգային համագործակցության փորձը խորացնելու և նոր նախաձեռնությունների հիմքեր ձևավորելու ևս մեկ հարթակ։
Փառատոնի ծրագրից դուրս հայկական պատվիրակությունը այցելեց Եկատերինբուրգի Սուրբ Կարապետ եկեղեցի և պատիվ ունեցավ հանդիպելու Եկատերինբուրգի Հայ առաքելական եկեղեցու վանահոր և տեղի հայ համայնքի հոգևոր հովվի՝ քահանա Արիստակես Հովհաննիսյանի հետ, ով Աղոթք բարձրացրեց առ Աստված։
Սեպտեմբերի 23-ին ավարտին կմոտենա նաև փառատոնի մարզային այցելությունների փուլը։