Մարզեր

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

3 րոպեի ընթերցում

Սևանում Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի և մշակութային միջոցառումներով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակը նշանավորվել է հիշատակի, մշակութային և տոնական միջոցառումներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, սեպտեմբերի 21-ին պետական և համայնքային հիմնարկների, ուսումնական և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներն ու ավագանու անդամները՝ Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի և տեղակալ Սուրեն Համբարձումյանի գլխավորությամբ, այցելել են Սևանի քաղաքային պանթեոն։

Այստեղ հարգանքի տուրք է մատուցվել ՀՀ անկախության և հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Կատարվել է ծաղկեդրման արարողություն, իսկ Սևանի համայնքի հոգևոր հայրերը կատարել են հիշատակի օրհնության կարգ։

Քաղաքային պանթեոնում տեղի է ունեցել նաև Սևանի երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Սամվել Գևորգյանի հուշաքարի բացման արարողությունը։ Արարողությանը ներկա են եղել նրա հարազատները, զինակից ընկերներն ու համայնքի ներկայացուցիչները։

Հարգանքի և հիշատակի արարողություն է անցկացվել նաև Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում, որտեղ տեղադրված է 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հուշաքարը։ Ծաղկեդրման արարողություններ են անցկացվել նաև համայնքի բնակավայրերում գտնվող հուշաքարերի և հուշակոթողների մոտ։

Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Սևանում կազմակերպվել են նաև մշակութային միջոցառումներ՝ ընդգրկելով գրականությունը, արվեստը, երաժշտությունն ու պարը։

«Անկախության սերունդը» խորագրով միջոցառում է անցկացվել «Սևան համայնքի ԳԿՀ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում։ Այն ուղեկցվել է անկախության գաղափարին, դրա արժեքին և նոր սերնդի շրջանում դրա պահպանմանը նվիրված թեմատիկ ցուցադրությամբ։

Սևանի մշակույթի կենտրոնում անցկացվել է «Սևան համայնքի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի «Քո անունն է Հայաստան» խորագրով ցուցահանդեսը։ Պատանի ստեղծագործողների աշխատանքներում Հայաստանն ու հայրենիքի հանդեպ սերը ներկայացվել են գույների, կերպարների և արվեստի լեզվով։

Տոնական միջոցառումների շարքն ամփոփվել է Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում՝ «Անկախության 35-ամյա ճանապարհը» խորագրով համերգային ծրագրով։ Բեմում հանդես են եկել Սևան համայնքի պարային խմբերը և Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի սաները։

Միջոցառման ավարտին ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում