Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան
4 րոպեի ընթերցում
Հայաստանի սուվերեն վարկանիշի շարունակական բարձրացումը պետք է նպաստի նաև տոկոսադրույքների որոշակի նվազմանը, սակայն դրանց վրա ազդում են ոչ միայն ներհայաստանյան, այլև գլոբալ տնտեսական գործոնները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը նշել է, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելից շուրջ 7 միլիարդ դոլարը բաժին է ընկնում ֆիզիկական անձանց սպառողական վարկերին։ Նրա գնահատմամբ՝ բնակչության մի ստվար հատված ընթացիկ սպառումն ապահովում է պարտքով։
Պատգամավորը նաև նշել է, որ Կենտրոնական բանկի նախագահի՝ վարկային տոկոսադրույքների հնարավոր բարձրացման վերաբերյալ հայտարարությունից հետո քաղաքացիների շրջանում խուճապային տրամադրություններ են առաջացել։ Նա հետաքրքրվել է, թե Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում բնակչության վարկային բեռի հետագա ծանրացումը կանխելու համար։
Փաշինյանը չի համաձայնել սպառողական վարկերի ամբողջ ծավալը որպես բնակչության պարտքային բեռ դիտարկելու հետ։
«Եթե մարդը 5 միլիոն դրամ ավանդ ունի բանկում և ուզում է 500 հազար կամ մեկ միլիոն դրամանոց սառնարան ձեռք բերել, չեմ կարծում, թե նա կորոշի ընդհատել ավանդի պայմանագիրը, այդ փողը հանել և տալ սառնարան ձեռք բերելու համար։ Իհարկե, համաձայն եմ, որ որոշակի հատված հենց պարտքով, վարկով էլ առնում է, բայց չեմ կարծում, թե Ձեր ասած ամբողջ թվին մենք կարող ենք 100 տոկոսով վերագրել այդպիսի իրավիճակ»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ վերջին ութ տարվա ընթացքում վարկերի սպասարկման որակը բարելավվել է, իսկ անհուսալի վարկերի չափն ու տեսակարար կշիռը՝ էականորեն նվազել։
Փաշինյանն ընդգծել է, որ վարկ ստանալու հնարավորությունն ինքնին կարող է առավելություն լինել այն քաղաքացիների համար, որոնց վարկային պատմությունը բանկերը հուսալի են գնահատում։
«Այն, որ մարդը կարող է գնալ բանկ և վարկ ստանալ, և բանկը նրա վարկային պատմությունը համարում է հուսալի, մարդու համար նաև որոշակի առավելություն է, որովհետև նա այդ վարկը վերցնելու և մարելու հնարավորություն ունի։ Այդտեղ, բնականաբար, որոշակի ռիսկեր կան, բայց դա ամբողջությամբ բացասական լույսի ներքո դնելը ճիշտ չէ»,- նշել է նա։
Անդրադառնալով տոկոսադրույքներին՝ վարչապետը հայտնել է, որ կառավարությունում հարցը պարբերաբար քննարկվում է աշխատանքային ձևաչափով։
«Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի սուվերեն վարկանիշի շարունակական բարձրացման պայմաններում սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է բերի նաև տոկոսների որոշակի նվազման։ Բայց չենք կարող չընդունել, որ այդ նույն ընթացքում գլոբալ գործընթացներ են տեղի ունենում, որոնք գնաճային երևույթների են հանգեցնում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը հիշատակել է ռուս-ուկրաինական հակամարտությունն ու Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը՝ շեշտելով, որ տոկոսադրույքները պայմանավորված չեն միայն Հայաստանի ներքին գործոններով։
Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանք է իրականացնում։