ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը մտադիր է մշակել հակահրթիռային պաշտպանության մատչելի մոդուլային համակարգ. համագործակցության հիմքում կլինի Freya նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ստրասբուրգում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրոպական միության վիճակի մասին իր ամենամյա ելույթում, որը հեռարձակվել է Եվրոպական խորհրդարանի YouTube-ի էջում։
«Մենք պետք է նաև համատեղ նվազեցնենք մեր կախվածությունը մեկ մատակարարից։ Այդ իսկ պատճառով կցանկանայինք Ուկրաինայի հետ համատեղ մշակել հակահրթիռային պաշտպանության մատչելի մոդուլային համակարգ։ Այս համագործակցության հիմքում ընկած է Freya նախագիծը», - ասել է ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ նախագիծը պետք է ուկրաինական փորձը միավորի եվրոպական տեխնոլոգիաների և արտադրական կարողությունների հետ։
«Բայց Freya-միայն սկիզբն է։ Անհրաժեշտ է ավելին», - հավելել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նրա խոսքով, պլանավորվում է SAFE ծրագրի մնացած միջոցների օգտագործման հաշվին ստեղծել ուկրաինական ընկերությունների հետ համատեղ նախագծերի նոր ծրագիր։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովում պարզաբանել են, որ Freya-ն եվրոպա-ուկրաինական համատեղ նախագիծ է՝ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համակարգ ստեղծելու նպատակով։ Սեպտեմբերի 2-ին ֆոն դեր Լայենը նաև հայտարարել էր, որ Եվրոպան Freya-ի վրա աշխատում է Ուկրաինայի հետ համատեղ։