Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր

5 րոպեի ընթերցում

Երևանում բնակելի շենքերի կառուցապատմամբ զբաղվող երեք ընկերության մոտ բացահայտվել են բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների իրացման իրական արժեքների թերհայտարարագրման դեպքեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է՝ բնակարանների և ավտոկայանատեղիների գնման իրավունքների օտարման ընթացքում գործարքների փաստացի արժեքները մի շարք դեպքերում էականորեն գերազանցել են պայմանագրերում նշված գումարները։ Գումարների մի մասը գնորդներից նախատեսվել է ստանալ կանխիկ եղանակով, մինչդեռ պայմանագրերում արտացոլվել են ավելի ցածր արժեքներ: Այս ամենի հետևանքով հարկային հաշվարկներում ամբողջությամբ չեն արտացոլվել իրացման իրական շրջանառություններն ու դրանցից առաջացող հարկային պարտավորությունները։ 

Նշված հանգամանքները փաստական տվյալներով ստուգելու նպատակով երեք կառուցապատողների նկատմամբ իրականացվել են հսկիչ գնումներ։

Մասնավորապես, դեպքերից մեկով 187.1 ք/մ մակերեսով բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռքբերման համար կողմերի միջև համաձայնեցվել է շուրջ 1,172,600 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք, որից 467,750 ԱՄՆ դոլարը նախատեսվել է վճարել կանխիկ եղանակով։ Հսկիչ գնման շրջանակում կառուցապատող ընկերության գրասենյակում տնօրենին կանխիկ վճարման ենթակա գումարից  փաստացի փոխանցվել է 250 հազար ԱՄՆ դոլար։

Հսկիչ գնումներից հետո հարկվող օբյեկտները թաքցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երեք անձ ձերբակալվել է։

Հաստատվել է բնակարանների գնման իրավունքների փաստացի իրացման և պայմանագրերում արտացոլված արժեքների միջև էական տարբերության առկայությունը։ Մասնավորապես, դեպքերից մեկով կառուցապատողի կնքած պայմանագրերում բնակարանների 1 քմ-ի արժեքը նշվել է 1.3-2.1 մլն դրամ, մինչդեռ իրականացված միջոցառումներով պարզվել է, որ բնակարանների գնման իրավունքի փաստացի իրացման արժեքը կազմել է 6000-7500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մեկ քառակուսի մետրի համար։ Նույն շենքում մեկ ավտոկայանատեղիի գնման իրավունքի իրացման արժեքն էլ  կազմել է 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Միաժամանակ, արձանագրվել են խոշոր չափերով կանխիկ վճարումների ընդունման դեպքեր այնպիսի գործարքների շրջանակում, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր պետական գրանցման։ Մինչդեռ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով նման գործարքների դեպքում 500 հազար դրամը գերազանցող վճարումները և դրանց ստացումը պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով։

Երեք դեպքի արդյունքում բացահայտված թերհայտարարագրված իրացման շրջանառությունը ընդհանուր կազմել է շուրջ 2.43 մլրդ դրամ, իսկ դրանից առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունները՝ շուրջ 653.5 մլն դրամ։         Բացահայտված դեպքերից երկուսով ՀՀ քննչական կոմիտե են ուղարկվել հանցագործության մասին հաղորդումներ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Երրորդ դեպքում Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած միջոցառումներից հետո տնտեսվարող սուբյեկտը ճշգրտել է ներկայացված հարկային հաշվարկները և լրացուցիչ հայտարարագրել համապատասխան հարկային պարտավորությունները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և վարութային գործողությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների կողմից պետական բյուջե արդեն վճարվել է ընդհանուր 439.2 մլն դրամ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային ռիսկերի բացահայտմանն ուղղված աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով անշարժ գույքի իրացման իրական արժեքների թերհայտարարագրման, գործարքների արժեքների մի մասը չփաստաթղթավորելու և օրենքով նախատեսված անկանխիկ վճարումների պահանջները շրջանցելու ռիսկերը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա

Իրանն ուժի մեջ է համարում ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի

Աշխատանքի տոնավաճառ. ի՞նչ թափուր հաստիքներ են առաջարկում գործատուները

Չինաստանի հետ առևտրային դեֆիցիտը կազմում է օրական 1 միլիարդ եվրո. ֆոն դեր Լայեն

Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին

Ֆոն դեր Լայենը Patriot հրթիռների արտադրողներին կոչ է արել արագացնել դրանց մատակարարումները Կիևին

Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան 52-րդ MQ-9 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Հորմուզի նեղուցի օդային տարածքում

Ռալֆ Յիրիկյանն Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերները

Wildberries-ի նոր լոգիստիկ կենտրոնը՝ հայ վաճառողների համար արտահանման կետ