Արհեստական բանականության հետ կապված մտավախությունները հիմնավորված են, սակայն հարկավոր է վստահել ԱԲ ընկերություններին. OpenAI-ի ղեկավար

3 րոպեի ընթերցում

Հանրության շրջանում արհեստական ​​բանականության (ԱԲ) հետ կապված ռիսկերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերության ղեկավար Սեմ Ալթմանը հայտարարել է, որ մարդիկ պետք է ավելի մեծ վստահություն ունենան իր ընկերության և նմանատիպ այլ կազմակերպությունների նկատմամբ, որ իրենք ճիշտ քայլեր կձեռնարկեն ԱԲ զարգացման գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ալթմանը նշել է, որ իր կարծիքով՝ ԱԲ ընկերություններն ի վիճակի են ինքնակարգավորվել։

«Աշխարհը պետք է վստահի, որ մենք ճիշտ քայլեր կձեռնարկենք, քանի որ դա ճիշտ քայլ է, և մենք գիտակցում ենք այս ամենի մասշտաբայնությունը», - ասել է Ալթմանը սեպտեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում Salesforce ծրագրային ապահովման ընկերության կողմից կազմակերպված ամենամյա համաժողովի ժամանակ։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ԱԲ-ի հետ կապված մարդկանց մտավախությունները հիմնավորված են, քանի որ այդ գործիքների հնարավորություններն արագորեն զարգանում են։

«Այլևս մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես կարող է իրավիճակը վատթարանալ, - ասել է նա։ - Կարծում եմ՝ աշխարհն իրավացի է, որ վախենում է սրանից»։

Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր անցյալ շաբաթ Anthropic ընկերությունից հեռացած հետազոտող Ջեյքոբ Քոքսոնի գրառումից հետո, որում նա պնդել էր, որ եթե ԱԲ-ի զարգացումը չվերահսկվի, ապա մինչև տասնամյակի վերջը այն կարող է ոչնչացնել ամբողջ մարդկությունը։

ԱԲ-ի ոլորտի մի շարք ղեկավարներ և փորձագետներ արձագանքել են՝ հայտնելով իրենց համաձայնությունը այդ գնահատականի հետ, թեև չեն պարզաբանել, թե ինչպես են հանգել նման եզրակացության, կամ թե կոնկրետ ինչպես կարող է ԱԲ-ն նման բան իրականացնել։

Այս պնդումների շուրջ ծավալված բուռն քննարկումները հանգեցրել են արհեստական ​​բանականության ոլորտում իրականացվող մշակումների նկատմամբ ավելի մեծ ուշադրության։ Իր հերթին՝ Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը կոչ է արել դանդաղեցնել ԱԲ-ի մշակման ընդհանուր տեմպերը և հորդորել է կառավարություններին կարգավորել այդ ոլորտը։

Այդ հայտարարությունը ողջունել են Սեմ Ալթմանը, Google-ի DeepMind-ի համահիմնադիր Դեմիս Հասաբիսը, ինչպես նաև Իլոն Մասկը՝ X սոցիալական հարթակի և Grok ԱԲ-օգնականի սեփականատերը։

Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ելույթ ունենալիս ձախակողմյան հայացքներ ունեցող սենատոր Բեռնի Սանդերսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը կոչ են արել խստացնել ԱԲ ոլորտի կարգավորումը։

Թրամփը, սակայն, համաձայն չէ, որ ԱԲ-ն կարող է վտանգ ներկայացնել։ Նա հերքել է նման պնդումները՝ դրանք անվանելով կեղծիք։

Միացյալ Նահանգներ

Թրամփն ԱԲ-ի անվտանգության հետ կապված մտահոգությունները որակել է «կեղծ»՝ այն համեմատելով գլոբալ տաքացման հետ

Հայերեն English Русский

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս