Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան և Եմենի կառավարությունը հութիների ակտիվացման պատճառով ԱՄՆ-ին են դիմել աջակցության խնդրանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով արաբական երկրներից մեկի դիվանագետի։

Ըստ հրապարակման՝ դիվանագետն ասել է, որ Եմենն ԱՄՆ-ից խնդրել է վերսկսել աջակցությունը երկրի զինված ուժերին և հումանիտար ծրագրերին։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան նույնպես փորձում է Սպիտակ տան ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։

«Ընդունել այն, որ հութիները վերահսկելու են Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող տարածքները, հավասարազոր է Սաուդյան Արաբիայի համար ազգային անվտանգության մշտական ​​ճգնաժամի», - պարզաբանել է աղբյուրը։

Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն, ըստ երևույթին, կնախընտրի խուսափել ակտիվ գործողություններից։

«Ամերիկացիները չեն ցանկանում ներքաշվել տարածաշրջանում որևէ հակամարտության մեջ, բացառությամբ Իրանի, թեև իրականում դա ԱՄՆ-ի ռազմավարական անհաջողությունն է», - հավելել է նա։

Եմենում հակամարտությունն սկսվել է 2014 թվականին. 2022 թվականից ի վեր այնտեղ տիրում էր հարաբերական անդորր։ 2026 թ. հուլիսի սկզբից երկրի տարբեր շրջաններում ակտիվացել են կառավարական զորքերի և հութիների միջև մարտերը։

Սեպտեմբերի 3-ից հութիները խոշոր հարձակման են անցել և գրավել Կարմիր ծովի ափամերձ մի քանի շրջան, որոնք գտնվում էին կառավարության ուժերի վերահսկողության տակ: Շարժումը նաև գրավել է Բաբ էլ-Մանդեբի նեղուցում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Փերիմ կղզին: Ըստ Եմենի կառավարության՝ վերջին շաբաթների  մարտերի ընթացքում զոհվել է ավելի քան 500 զինվոր: Երկրում տեղահանվածների թիվը հասել է 85 000-ի:

Զուգահեռաբար հութիները շարունակում են փոխադարձ հարվածները Սաուդյան Արաբիայի հետ, որն աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։

Մերձավոր Արևելք

Հութիները և Սաուդյան Արաբիայի ուժերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Հայերեն Русский