Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող ընդհանուր 1.75 հա մակերեսով 2 հողատարածք
1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձի՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով, 119 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասերի կառուցապատման իրավունքը հարկադիր դադարեցնելու պահանջով։
«Նշված հայցերը բավարարելու վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 23-ի և 24-ի վճիռները մտել են օրինական ուժի մեջ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։