Իրան

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

2 րոպեի ընթերցում

Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է

Իրանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների՝ սեպտեմբերի 14-ին Օմանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է՝ «համաձայնության հասնելու շահերից ելնելով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին։

«Համաձայնության հասնելու շահերից ելնելով՝ Սալալայում վաղը նախատեսված տարածաշրջանային հանդիպումը հետաձգվել է։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ երկխոսության զարգացմանը, որը կնպաստի մեր տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդմանը»,- գրել է նախարարը X-ում։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Թեհրանի և Մասկատի համաձայնությամբ։ Իրանական կողմի տվյալներով՝ միջոցառման հետաձգումը խնդրել են «տարածաշրջանի որոշ երկրներ»։ Հանդիպման նոր ժամկետը չի նշվում։

Հանդիպումը պետք է անցկացվեր Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սեպտեմբերի 11-ին Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր, որ հանդիպմանը կմասնակցի նաև իրանական կողմը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային հարցերից բացի, հանդիպման ընթացքում նախատեսվում էր քննարկել նաև Իրանի և Օմանի բանակցությունների արդյունքները՝ Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության համար անվտանգ երթուղիների որոշման շուրջ։

Հորմուզի նեղուցով նավագնացությունը արգելափակված է փետրվարի 28-ից շարունակվող ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում