Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցրել Մոխայի օդանավակայանին, իսկ հութիները Կարմիր ծովում կղզի են գրավել

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան երկու ավիահարված է հասցրել Եմենի ռազմավարական նշանակություն ունեցող Մոխա քաղաքի օդանավակայանին, որն այժմ գտնվում է հութիների վերահսկողության տակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է հութիներին պատկանող Al-Masirah հեռուստաալիքը։

«Սաուդյան թշնամին երկու հարված է հասցրել Մոխայի օդանավակայանին», - հայտնել է հեռուստաալիքը։

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, Մոխա նավահանգստային քաղաքի նկատմամբ վերահսկողություն են հաստատել սեպտեմբերի 10-ին՝ օրեր առաջ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարական ուժերի դեմ լայնածավալ հարձակում սկսելուց հետո։

Մերձավոր Արևելք

Հութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ. Al Jazeera

Միևնույն ժամանակ տեղեկություններ են տարածվել, որ հութիները գրավել են Կարմիր ծովի Փերիմ (Մայյուն) կղզին, որը գտնվում է Ասիան Եվրոպային կապող ռազմավարական կարևորություն ունեցող ջրային ուղու մեջտեղում։ Եմենի կառավարության երկու աղբյուր Reuters-ին հայտնել է, որ կառավարական զորքերը դուրս են եկել կղզուց։ AFP գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին և ականատեսներին, նույնպես հաղորդում է, որ Փերիմ կղզին անցել է հութիների վերահսկողության տակ։

Մինչ այդ հութիները մտել են Դուբաբ նավահանգստային քաղաք, որը գտնվում է կղզու անմիջապես դիմաց։

Դուբաբի և Փերիմի գրավումը կարևոր է համարվում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Միևնույն ժամանակ Axios լրատվական հարթակը, վկայակոչելով աղբյուրներ, նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի կոչը՝ հարվածներ հասցնել հութիներին։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ն մտադիր չէ ուղիղ ռազմական գործողություն ձեռնարկել հութիների դեմ։

Հայերեն Русский