Աշխարհ

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Յոնբյոնի իր միջուկային համալիրի մոտ կառուցել է ուրանի հարստացման ևս մեկ օբյեկտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով ԱԷՄԳ-ի զեկույցը։

Բացի այդ, մասնագետները տեսել են Փհենյանի մոտ գտնվող Կանսոնի հարստացման օբյեկտում ուրանի հարստացման գործարանի լրացուցիչ կցակառույցի շահագործման մեկնարկի նշաններ:

Օգոստոսի 28-ով թվագրված փաստաթղթում ներկայացվում են ԱԷՄԳ-ի տվյալները վերջին մեկ տարվա ընթացքում միջուկային ծրագրի վրա ԿԺԴՀ-ի աշխատանքի մասին։

Բացահայտումները վկայում են այն մասին, որ տարբեր վայրերում Հյուսիսային Կորեայի միջուկային ենթակառուցվածքը կայուն կերպով ընդլայնվում է։

«Կանսոնում և Յոնբյոնում հարստացման կայանների շարունակական շահագործումը և ԿԺԴՀ-ում զենքի համար նախատեսված միջուկային նյութերի արտադրության հետագա ընդլայնման մասին հաղորդագրությունները լուրջ մտահոգության առիթ են», - սեպտեմբերի 7-ին կառավարիչների խորհրդին ուղղված հայտարարության մեջ ասել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

ԱԷՄԳ-ն նշում է, որ Փհենյանն արդեն վաղուց սահմանափակել է գործակալության հետ փոխգործակցությունը, ինչի պատճառով դժվարացել է նրա միջուկային ծրագրի վերաբերյալ տվյալների հավաքումը։ ԱԷՄԳ-ն Հյուսիսային Կորեայում տեսուչներ չունի 2009 թվականից։

Զեկույցը պատրաստելիս ԱԷՄԳ-ն հիմնվել է արբանյակային պատկերների և բաց աղբյուրների տվյալների վրա, այդ թվում՝ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցների հրապարակած լուսանկարների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում