Աշխարհ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Ինդոնեզիայի յոթ օդանավակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Ջակարտան սպասարկող երկու օդանավակայանները, սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան շարունակում են փակ մնալ Անակ Կրակատաու լեռան ժայթքումների հետևանքով հրաբխային մոխրի տարածման պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է տրանսպորտի նախարարը։

Ճավա և Սումատրա կղզիների միջև գտնվող Անակ Կրակատաու հրաբխի մոխիրը սեխտեմբերի 4-ի ուշ երեկոյան սկսված ժայթքումից հետո ծածկել է Ջակարտան և հարակից մի շարք շրջաններ՝ անվտանգության նկատառումներով ելնելով ստիպելով փակել օդանավակայանները։

Տրանսպորտի նախարարության տվյալներով՝ չեղարկված չվերթների հետևանքով տուժել է շուրջ 170 հազար մարդ։

Հրաբխային ակտիվությունը մշտադիտարկող գործակալության կայքի տվյալներով՝ Անակ Կրակատաուի վերջին ժայթքումը տեղի է ունեցել կիրակի օրը՝ ժամը 20:23-ին։ Գործակալությունը նախազգուշացրել է, որ «առաջիկա ժամանակահատվածում նոր ժայթքումների հավանականությունը շարունակում է բարձր մնալ»։

Օդերևութաբանական գործակալության՝ BMKG-ի տվյալներով՝ հրաբխային մոխիրը Ճավա կղզու կողմում բարձրացել է մինչև 6000 մետր, իսկ Սումատրա կղզու կողմում և Ճավայի Բանտեն նահանգի որոշ հատվածներում՝ մինչև 15 000 մետր։

Աղետների կառավարման գործակալությունը բնակիչներին կոչ է արել դրսում գտնվելիս դիմակներ կրել՝ խուսափելով շնչել մոխիրը։ Որոշ շրջաններում դպրոցները անցել են հեռավար ուսուցման։

Անակ Կրակատաուն, որը նշանակում է «Կրակատաուի զավակ», մոտ մեկ դար առաջ սկսել է ձևավորվել այն տարածքում, որտեղ նախկինում գտնվում էր Կրակատաու հրաբուխը։ Հին հրաբուխը 1883 թվականին տեղի ունեցած հզոր ժայթքումների հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացել էր։ Դրանց հաջորդած ցունամիների հետևանքով զոհվել էր ավելի քան 36 հազար մարդ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում