Հայաստան

Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ»-ի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նախ մանրամասներ է ներկայացրել «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ նշվել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորմանն ու տարբեր ոլորտներում նրանց ներուժի ներգրավմանն ուղղված աշխատանքները և նշել, որ աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական համակարգ հրավիրելու Կառավարության ծրագրի հետ այս նախաձեռնության համադրումն էլ ավելի կնպաստի ծրագրի առանցքային նպատակների իրագործմանը: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է բարձրակարգ մասնագետներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը: 

Երկրի ղեկավարը նաև ողջունել է տաղանդավոր երիտասարդների աջակցության հիմնադրամի ձևավորման նախաձեռնությունը և այս առումով ընդգծել՝ դեռևս տարրական դասարաններից շնորհալի պատանիների ու երիտասարդների ներուժի բացահայտման, նրանց բարձրակարգ կրթության ապահովմանն ուղղված համակարգային լուծումները:

«Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով»–ի կազմակերպման առումով Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել համապատասխան գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացմանն ու բիզնես կապերի ընդլայնմանը և զարգացմանը։   

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ կառավարության և «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» ՀԿ–ի միջև համագործակցությունը՝ վերոնշյալ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում