ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի
2 րոպեի ընթերցում

Անտառային հրդեհների ծուխը 2010-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում հանգեցրել է տարեկան գրեթե 100 000 հավելյալ մահվան դեպքերի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՄԱԿ-ի Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության (ՕՀԿ) տեղեկագրում:
Կազմակերպության տվյալներով՝ սաստիկ անտառային հրդեհների թիվն աճում է, ինչը հանգեցնում է առողջության համար լուրջ հետևանքների ծխի թունավորության պատճառով։
«1990-ական թվականներից ի վեր աշխարհում հրդեհների հետևանքով արտակարգ ծխի տարածման դեպքերի թիվը եռապատկվել է, ինչն, ըստ առկա գնահատումների, հանգեցրել է տարեկան մոտ 100 000 հավելյալ մահերի 2010-2018 թթ. ընկած ժամանակահատվածում», - նշում են տեղեկագրի հեղինակները՝ հավելելով, որ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել։
Կազմակերպության փորձագետների տվյալներով՝ ռիսկերի գնահատման ստանդարտ մոդելները հաշվի չեն առնում ծխի թունավորության աստիճանը և թերագնահատում են դրա հետ կապված մինչև 93% մահացությունը։ ՕՀԿ-ում նաև նախազգուշացնում են, որ հրդեհների և շոգի հետևանքով աղտոտման աճը կարող է վերացնել օդի որակի բարելավման միջազգային ջանքերը։
Կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին առողջության համար վտանգավոր PM2.5 մանրադիսպերս մասնիկների պարունակությունը գերազանցել է միջին մեծությունները Կանադայի հյուսիսում, Ռուսաստանի տարածքի մի մասում և Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկայում: ՕՀԿ-ի փորձագետները դա կապում են հրդեհների թվի աճով: Անցյալ տարի խիստ աղտոտման ևս մեկ գոտի է դարձել Իսպանիայի հյուսիս-արևմուտքը: