Իրավունք

Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

2 րոպեի ընթերցում

Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք

Սյունիքի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Գորիս համայնքի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տրամադրելու փաստաթղթերի իրավաչափությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ Գորիս համայնքում գտնվող շուրջ 184 հա մակերեսով հողատարածքը, 2007 թվականի հունվարի 31-ին կնքված պայմանագրով՝ 25 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով, հատկացվել է ՍՊ ընկերությանը:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել և Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել ՍՊ ընկերության տիրապետմանը և օգտագործմանը տրամադրված՝ համայնքի սեփականություն հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության 184 հա մակերեսով (որից 124 հեկտարը՝ վարելահող, 60 հեկտարը՝ արոտավայր), 132 միլիոն 780 հազար դրամ կադաստրային արժեքով հողատարածքը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ նույն ՍՊ ընկերությունը կատարել է 38.5 հա մակերեսով, 22 միլիոն 909 հազար դրամ կադաստրային արժեքով վարելահողի զավթում:

Դատախազի միջնորդագրի հիման վրա, Գորիսի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 38.5 հա մակերեսով հողատարածքը վերադարձվել է Գորիս համայնքի տիրապետմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում