Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում

5 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության թիմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը։

Փաստաբանները Եվրոպական դատարանից խնդրել են հրահանգել ՀՀ կառավարությանը անմիջապես ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին, ձեռնպահ մնալ նրան պատգարակով շարունակաբար տեղից տեղ տեղափոխելու պրակտիկայից, վերացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց, որպեսզի նա կարողանա մեկնել արտերկիր պահանջված բուժումը ստանալու նպատակով։  

«Սեպտեմբերի 2-ից նա կալանքի տակ է և, չնայած ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը, պահվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Բժշկի այցելությունն ապահովելու վերաբերյալ միջնորդությունը մինչ օրս մնացել է անպատասխան»,- ասված է Խաչատրյանի փաստաբանների տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ Գագիկ Խաչատրյանը 2019 թվականից մեղադրյալ է մի շարք քրեական վարույթներով, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով։ Նա չի ընդունում մեղադրանքները, իսկ գործերով վերջնական դատական ակտ չկա։

Ըստ փաստաբանական թիմի հայտարարության՝ 7 տարի շարունակվող քրեական գործընթացին զուգահեռ նրա առողջական վիճակը շարունակաբար վատթարացել է, մինչդեռ բուժումը հիմնականում սահմանափակվել է ախտանշանային միջամտություններով։ 

Նշվում է, որ Խաչատրյանի մոտ 2015 թվականին ախտորոշվել է ողնաշարի ստենոզ, իսկ պարանոցային ողնաշարում տեղադրված իմպլանտը, պաշտպանական կողմի տվյալներով, տեղաշարժվել է՝ ցանկացած շարժման դեպքում առաջացնելով սուր ցավ։ Նրա մոտ առկա են նաև շաքարային դիաբետ, ուսահոդերի և սրտի խնդիրներ։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատմամբ՝ նրա մոտ սահմանվել է ֆունկցիոնալության սահմանափակման ծանր աստիճան՝ 66 տոկոս, և նա ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ։ Նա այլևս չի կարող ինքնուրույն տեղաշարժվել։ Վիրահատության անհրաժեշտությունը տարբեր տարիներին արձանագրվել է բժշկական փորձաքննություններով և մեկ տասնյակից ավելի տեղական ու միջազգային կոնսիլիումների եզրակացություններով։ 

Խաչատրյանին մի քանի անգամ թույլատրվել է մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։ Նա յուրաքանչյուր անգամ վերադարձել է սահմանված ժամկետում, չի խոչընդոտել դատավարությանը, և այդ ընթացքում նրա առողջական վիճակի պատճառով որևէ դատական նիստ չի հետաձգվել։ Սակայն անհրաժեշտ վիրահատության համար մեկնելը շարունակաբար արգելափակվել է։ 2025 թվականի ապրիլին դատարանը կրկին թույլատրել է մեկնել Գերմանիա, սակայն որոշումից անմիջապես հետո մեկ այլ քրեական վարույթով կիրառված ելքի արգելքը կանխել է մեկնումը։ Արդյունքում՝ արդեն յոթ տարի անհրաժեշտ վիրահատությունը չստացած և ինքնուրույն տեղաշարժվելու կարողությունը կորցրած անձը կրկին կալանքի տակ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչների խումբն այցելել է քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց Գագիկ Խաչատրյանի հետ, ուսումնասիրվել են նրա բժշկական օգնության, խնամքի և պահման պայմանները։ ՄԻՊ-ի իրավասությունների շրջանակում բարձրացված խնդիրներն արդեն հասցեագրվել են իրավասու մարմիններին, իսկ դրանց մի մասը լուծում է ստանում։

ՄԻՊ-ի միջնորդությունից հետո Գագիկ Խաչատրյանի համար ապահովվել է խնամող անձ, սակայն փաստաբանները պնդում են, որ Խաչատրյանի կյանքի և առողջության համար առկա վտանգները վերացված չեն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշում էր ընդունել, ինչից հետո Գագիկ Խաչատրյանի փաստաբանները տեսանյութեր էին հրապարակել՝ պնդելով, թե իրավապահները խոշտանգում են իրենց պաշտպանյալին։ Տեսանյութերից երևում էր, որ իրավապահները անկողնում շորերով պառկած և գոռացող Գագիկ Խաչատրյանին ձերբակալում են պատգարակի վրա դնելով։ Նաև լուսանկարներ էին հրապարակվել, թե ինչպես էր Գագիկ Խաչատրյանը նախաքննական մարմնում պառկած իրար կպցրած աթոռների վրա՝ ծածկոցներով փաթաթված։

Հայաստանի դատախազությունն էլ հայտնել է, որ փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար։      

Հայերեն English Русский

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին