2 րոպեի ընթերցում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ հրահանգել է աշխարհի տարբեր ամերիկյան դեսպանատներին պաշտոնական դիվանագիտական դեմարշ ուղարկել ընդունող երկրների ամենաբարձր մակարդակներին Իրանի դեմ «Տնտեսական վտարանդի» գործողության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների։
Ըստ նրանց տվյալների՝ ԱՄՆ դեսպանատներին հրահանգվել է պահանջել, որ երկրներն «անմիջապես և համակարգված կերպով» դադարեցնեն Իրանի հետ բոլոր առևտրային հարաբերությունները և կանխեն իրանական ընկերությունների անօրինական բիզնես գործունեությունը։
ԱՄՆ դեմարշը շեշտում է, որ այն երկրները, ընկերությունները և անհատները, որոնք շարունակում են բիզնես վարել Իրանի հետ, կարող են ենթարկվել պատժամիջոցների և զրկվել դոլարային համակարգ մուտք գործելու հնարավորությունից, հայտնել են պաշտոնյաները։
Աղբյուրներից մեկը նշել է, որ հատուկ ուղերձ է ուղարկվել Աբու Դաբիում, Մասկատում, Հոնկոնգում, Դոհայում, Լոնդոնում, Բեռլինում և Կենտրոնական Ասիայի մի շարք մայրաքաղաքներում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ պահանջելով, որ ընդունող կառավարությունները փակեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված իրանական Melli և Saderat բանկերի բոլոր մասնաճյուղերը։
Axios-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն աշխատում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու ուղղությամբ՝ Իրանի դեմ տնտեսական ճնշման միջոցառումների իրականացումն ու կիրառումը համակարգելու համար։
Իրանը տարիներ շարունակ գտնվում է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների տակ, սակայն օգոստոսի 24-ին Վաշինգտոնը սկսել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ երկիրը ֆինանսապես էլ ավելի մեկուսացնելու համար։