2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում օգոստոսի 28-ին մեկնարկում է «Քաղաքի գետեր» 7-րդ փառատոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ դա երկարաժամկետ նախաձեռնություն է, որի նպատակն է վերականգնել քաղաքների կապն իրենց գետերի հետ։
Ինչպես նախորդ տարի, փառատոնը տեղի կունենա Պերլովսկա գետի ափին՝ Հարավային այգում։ Կազմակերպիչներն ընդգծել են փառատոնի ընդլայնված տարածքը և հարուստ ծրագիրը, որը ներառում է աշխատարաններ, ցուցահանդեսներ, քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ, սպորտային գոտի, արվեստի ինստալյացիաներ, գետով շրջագայություններ և երաժշտություն։
Կազմակերպիչները նաև նշել են, որ միջոցառումը հնարավոր է դարձել Սոֆիայի քաղաքապետարանի լոգիստիկ և ֆինանսական աջակցության շնորհիվ՝ «Մշակութային միջոցառումների օրացույց»-ի միջոցով, ինչպես նաև բազմաթիվ ընկերությունների և կազմակերպությունների աջակցությամբ, որոնք հոգ են տանում շրջակա միջավայրի և այն համայնքների մասին, որտեղ գործում են։
Նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականին «Սոֆիայի գետեր» փառատոնով և այդ ժամանակվանից ի վեր տարածվել է Բուլղարիայի այլ քաղաքներում ևս։ Կազմակերպիչ «Կոլեկտիվ» կազմակերպությունն իր կայքում նշում է, որ փառատոնների շարքը ստեղծել է համախոհ մարդկանց էկոհամակարգ՝ տեղական, ազգային և եվրոպական մակարդակներում։