Հաագայի դատարանը կարգադրել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնել
2 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ի Քրեական դատարանների միջազգային մնացորդային մեխանիզմի (IRMCT) ղեկավար Գրասիելա Գատի Սանտանան կարգադրել է անցկացնել բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար գեներալ Ռատկո Մլադիչի մահվան հանգամանքների հետաքննություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է IRMCT-ի օգոստոսի 27-ի հայտարարության մեջ։
«Այսօր Հաագայում՝ Նիդեռլանդներում, մահացել է Ռատկո Մլադիչը, որը հոսպիտալացված էր.... Իրականացնելով իր լիազորությունները Քրեական դատարանների միջազգային մնացորդային մեխանիզմի կանոնադրությանը և կալանքի տակ պահելու կանոններին համապատասխան՝ Մեխանիզմի ղեկավար, դատավոր Գրասիելա Գատի Սանտանան կարգադրել է անցկացնել Մլադիչի մահվան հանգամանքների լիակատար հետաքննություն՝ այն հանձնարարելով դատավոր Իեն Բոնոմիին», - ասվում է հայտարարության մեջ։
Օգոստոսի 27-ին Հաագայի բանտի հիվանդանոցում 84 տարեկանում մահացել է բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որը նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության ցեղասպանության համար։
Ռատկո Մլադիչը 1992-1995 թվականներին Սերբական Հանրապետության բանակի շտաբի պետն էր: 2011 թ. մայիսի 26-ին նա ձերբակալվել է Սերբիայում և արտահանձնվել Հաագայի դատարանին:
Ինչպես նշում է Reuters-ը, սերբական իշխանությունները երկար ժամանակ տատանվում էին գործողությունների դիմել այն մարդու դեմ, որը սերբ ազգայնականների զգալի մասի համար հերոս էր: Նրան երբեմն նկատում էին Բելգրադի մրցարշավարաններում կամ ֆուտբոլային խաղերում: Նրա որոնումները ակտիվացել էին միայն 2009 թվականին, երբ Սերբիան պլանավորում էր միանալ Եվրամիությանը: Երբ Մլադիչը 2011 թվականին ձերբակալվել էր, Բելգրադում բողոքի ցույցեր էին սկսվել: