Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով
1 րոպեի ընթերցում
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Պարեկային ծառայությունը նույնպես աշխատում է լրացուցիչ ուժեղացված ծառայության ռեժիմով, և այդ առումով աշխատանքները մեկնարկել են դեռ օգոստոսի 24-ից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը։
«Պարեկային ոստիկանության աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում են մեծ առևտրի կենտրոնների, մոլերի հարակից տարածքներում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, որպեսզի հնարավորինս բացառվեն խցանումները։ Սեպտեմբերի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև հետագայում Պարեկային ծառայության կարգախմբերը ծառայություն են իրականացնելու ՀՀ տարածքում գտնվող բոլոր դպրոցների տարածքներում»,-ասաց Մաթևոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ծառայությունը լինելու է երկու տեսակի՝ շրջիկ և ստացիոնար։ Այն դպրոցները, որոնք գտնվում են երթևեկելի գոտիներում, տեղում կծառայեն ստացիոնար կարգախմբերը, իսկ մնացած տեղերում ծառայությունն իրականացվելու է շրջիկ կարգախմբերով։