ՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը. «Կորպուս Գաստրոբար»-ում էլ խախտումները վերացվել են

2 րոպեի ընթերցում

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում նմուշառում են իրականացրել «Քվիմագո» ՍՊ ընկերությանը պատկանող «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԱՏՄ-ից, նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) և «խմորասունկ/բորբոսասունկ (գումարային)» ցուցանիշներով, իսկ «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի նմուշը՝ «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չեն համապատասխանել օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ նշված արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է, իսկ հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Միաժամանակ, ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեում գործող «Կորպուս Գաստրոբար»-ում, իրականացված կրկնակի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են։

 Մասնավորապես, «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակը համապատասխանեցվել է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված նորմերին։

 Հիմք ընդունելով կրկնակի փորձաքննության արդյունքները՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ վերացվել է «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրության կասեցումը։

Հայերեն