Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի այգիներն ու խաղահրապարակները համալրվում են նոր խաղամիջոցներով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, խաղամիջոցների տրամադրումն իրողություն է դարձել Սևան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցության արդյունքում՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում` GIZ-ի կողմից, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ:

«Նալբանդյան փողոց՝ 12, 24, 26 շենքերի բակում, Շինարարներ փողոց՝ 3, 5 շենքերի հյուսիսային հատվածում, Աբովյան փողոց՝ 5, 7, 9, 11, 13, 15 շենքերը միավորող բակային տարածքում, Իտալիայի, Պրահա-Վինոր այգիներում արդեն մեկնարկել են խաղամիջոցների տեղադրման աշխատանքները:

Այժմ հիշյալ տարածքների բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները են նախապատրաստական փուլում են. շինարարական աշխատանքները կատարվելու են համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով:

Նշենք, որ Պրահա-Վինոր այգում արդեն իսկ մեկնարկել են շինարարական աշխատանքները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և համայնքի ֆինանսավորմամբ:

Նպատակասլաց և հետևողական աշխատանքի արդյունքում շուտով համայնքապահպան ևս մեկ ծրագիր կդառնա իրողություն, որի արդյունքում սևանցիները կստանան ժամանցի ու հանգստի ներկայանալի և բարեկարգ տարածքներ՝ կահավորված և երկրորդ շնչառություն ստացած:

Միաժամանակ տեղեկացնենք, որ խաղամիջոցներից լիարժեք հնարավոր է օգտվել տարածքների բարեկարգումից հետո»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն