Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումը Նիդեռլանդներում գտնվող Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահի և ավագ իրավաբանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հաղորդագրություն է տարածել X սոցիալական հարթակում։
«Նիդեռլանդները հավանություն չի տալիս Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների և աշխատակիցների նկատմամբ վերջին պատժամիջոցներին։ Միջազգային դատարաններն ու տրիբունալները պետք է հնարավորություն ունենան ազատորեն կատարելու իրենց մանդատները», - գրել է նա։
Դիվանագետը հավելել է, որ Նիդեռլանդները լիովին աջակցում է ՄՔԴ-ին և դրա աշխատակիցներին և պատժամիջոցների տակ հայտնված ՄՔԴ նախագահ Տոմոկո Ականեին հրավիրել է՝ քննարկելու շարունակական աջակցությունը։
Ճապոնիան ևս ափսոսանք է հայտնել ՄՔԴ-ի պաշտոնյաների, այդ թվում՝ ճապոնացի նախագահ Տոմոկո Ականեի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Վաշինգտոնի որոշման առնչությամբ։
«Այս որոշումը չափազանց ցավալի է։ Ճապոնիան մշտապես աջակցել է ՄՔԴ-ին։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ՝ պահպանելով սերտ կապեր բոլոր շահագրգիռ պետությունների և կողմերի հետ», - ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում ՄՔԴ-ի ճապոնացի նախագահ Տոմոկո Ականեի և ՄՔԴ-ի սենեգալցի ավագ դատապաշտպան Աբդուլայե Սեյեի նկատմամբ, քանի որ նրանք ուղղակիորեն մասնակցել են ՄՔԴ-ի ջանքերին՝ «հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու այն պաշտոնյաներին, որոնց կառավարությունը չի համաձայնել ՄՔԴ-ի իրավասությանը»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի առնվազն 11 պաշտոնյայի, այդ թվում՝ ինը դատավորի և գլխավոր դատախազի նկատմամբ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցություն է հայտնել ՄՔԴ-ի ներկայացուցիչների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը։