2 րոպեի ընթերցում
Եվրամիության անդամ պետություն դառնալն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա հայտարարել , որ Եվրոպական միությունը, ըստ երևույթին, պատրաստ չէ ընդունել Թուրքիային, և հավելել, որ ԵՄ-ին անդամակցությունն այլևս Անկարայի առաջնահերթություններից չէ։
Էրդողանի խոսքով՝ դրանից ի վերջո կտուժի հենց Եվրոպան։
Թուրքիան 1995 թվականից Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ունի։ Դրանից հետո 2005 թվականին մեկնարկել են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, կանգ են առել ու հայտնվել փակուղում։ ԵՄ-ն տարիներ շարունակ քննադատել է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների, հիմնարար իրավունքների, դատական համակարգի անկախության և իրավունքի գերակայության հետ կապված խնդիրները։ Եվրոպական հանձնաժողովի գնահատմամբ՝ այս ոլորտներում հետընթացը դարձել է անդամակցության գործընթացի կանգի հիմնական պատճառներից մեկը։ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում տեղի ունեցած քաղաքական զարգացումները, լայնածավալ ձերբակալությունները և իշխանության կենտրոնացումը ավելի են խորացրել Բրյուսելի և Անկարայի տարաձայնությունները։ ԵՄ խորհուրդը 2018 թվականին արձանագրեց, որ Թուրքիայում ժողովրդավարության, հիմնարար իրավունքների և դատական անկախության ոլորտներում շարունակվող հետընթացի պատճառով անդամակցության բանակցությունները փաստացի հայտնվել են փակուղում։