Իրան

Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»

Վաշինգտոնի կողմից պատժամիջոցները խստացնելու սովորությունը վտանգավոր «կախվածություն» է, որին ԱՄՆ-ն դիմում է, երբ չի կարողանում հետամուտ լինել դիվանագիտությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X սոցիալական հարթակում գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Երբ Վաշինգտոնն ապացուցում է իր անկարողությունը դիվանագիտությանը հետամուտ լինելու հարցում, այն դիմում է պատժամիջոցների, և երբ այդ պատժամիջոցներն արդյունքներ չեն տալիս, այն պարզապես մեծացնում է դրանց չափաբաժինը։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա սովորություն է, և, ինչն ավելի վտանգավոր է, սա կախվածություն է, որը դուրս է մղել մտածողությունը», - գրել է նա։

Բաղային նաև հիշատակել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի վերջին հայտարարությունը տնտեսական պատժամիջոցների միջոցով Իրանին «խեղդելու» մասին։ Ըստ Իրանի ԱԳՆ խոսնակի՝ սա «պատժամիջոցներից Ամերիկայի անհաղթահարելի կախվածության ակնհայտ վկայությունն է»։

«Իրական վտանգն այն է, որ ամերիկացի քաղաքական գործիչները, կառչելով այս վատ սովորությունից, փոխարենը կխեղդեն մնացած հնարավորությունները՝ իրենց իսկ ստեղծած ճգնաժամից ավելի քիչ նվաստացուցիչ կերպով դուրս գալու համար», - եզրափակել է Բաղային։  

Օգոստոսի 7-ին Սքոթ Բեսենթը 12News-ի եթերում պնդել էր, որ ԱՄՆ-ին հաջողվել է «խեղդել» Իրանին։ Նրա խոսքով՝ Իրանում «սննդամթերքի գնաճը հասնում է 150-180%-ի, և նրանք չեն կարողանում վճարել իրենց զինվորականներին»։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում