1 րոպեի ընթերցում
Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը ՝վկայակոչելով ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը։
«Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։43-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Շատին-Հերմոն ավտոճանապարհի 12-րդ կմ-ին առաջացել է սելավ, ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով (մոտ 50 խմ), ինչի հետևանքով ճանապարահհատվածը դարձել է միակողմանի երթևեկելի և դժվարանցանելի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Հատուկ տեխնիկայի միջոցով ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։